Life.panorama.am-ը գրում է. Արդեն մի քանի օր է, ինչ «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման եթերում սիրված հաղորդավարների շարքը համալրել է դերասան, երգիչ Ավո Խալաթյանը: Թեեւ բազմաթիվ հրավերներին, նրան հեռուստաէկրաններին հազվադեպ կարելի է տեսնել, իսկ թե ինչպե՞ս է այս անգամ Ավոն համաձայնվել ու ընդունել առաջարկը, պատմել է կայքին.
«Արդեն մոտ ութ տարի է, ինչ աշխատում եմ «Ա Թի Վի» հեռուստաընկերությունում: Այստեղ հանդես եմ գալիս որպես հեռուստաընկերության ձայնը ներկայացնող՝ ծանուցելով սպասվելիք հաղորդումների մասին: Այսինքն՝ աշխատում էի հեռուստաընկերությունում, որը «Արմենիա» հեռուստաընկերության հետ նույն հոլդինգի կազմում է, սակայն աշխատանքս կադրից դուրս էր: Ինչ վերաբերվում է այս առաջարկն ընդունելուն, այն առանձնանում էր բոլոր հրավերներից, քանի որ նախորդները անվերջ ու անհամար սերիալներ էին, որոնցում ոչ մի կերպ չէի ուզում նկարահանվել: «Արմենիա» հեռուստաընկերության կողմից այս առաջարկն ինձ շատ հետաքրքրեց ու սիրով, առանց երկար մտածելու, ուրախությամբ ընդունեցի: Բացի այս, ինքս ինձ համար էլ ուզում էի փոխել կյանքիս ռիթմը»,- պատմել է Ավո Խալաթյանն ու ժպիտով շարունակել.
«Մեծ սիրով եմ աշխատում, քանի որ իմ նույն աշխատավայրում եմ, իմ սիրած շենքում, որտեղ ամեն բան ու գրեթե բոլորն ինձ ծանոթ են: Նոր աշխատակազմում էլ շատ արագ ինտերգրվեցի, «Բարի լույս»-ում աշխատանքս շատ հաճելի մթնոլորտում է ընթանում, ողջ թիմի հետ իսկական ընտանեկան հարաբերություններում ենք, անգամ արդեն ընդհանուր աշխատանքային խումբ ունենք համացանցում, ու այնքան ենք իրար գրում տարբեր հարցերով, որ իմ մարտկոցը անջատվում է: Լավ թիմը հաջող աշխատանքի ուղիղ կեսն է, եթե ոչ ավելին»:
Ավո Խալաթյանի խոսքով՝ նա շատ լուրջ է վերաբերվում նոր աշխատանքին.
«Ինչպես ասում են՝ ինչպես օրդ սկսես, այնպես էլ կշարունակվի: Առավոտյան թողարկման հաղորդավարի աշխատանքը այնքան էլ հեշտ չէ հենց նաեւ այդ առումով: Պետք է կարողանալ լավ տրամադրություն հաղորդել մարդկանց, որպեսզի օրվա շարունակությունը լավ լինի: Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ անում եմ, որպեսզի հնարավորինս լավ ներկայանամ, սակայն ինչպես բեմ բարձրանալիս, այնպես էլ եթեր մտնելիս՝ ամեն անգամ ներքին հուզմունք կա: Ինչեւէ, պետք է կարողանալ հասնել պրոֆեսիոնալիզմի այն աստիճանի, որպեսզի հեռուստադիտողից թաքցնես այդ հուզմունքը»,- նկատել է հաղորդավարը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում