▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ը՝ աշխարհահռչակ դաշնակահարի կատարմամբ

Ֆրանսիացի դաշնակահար, գործիքավորող, դասական և համաշխարհային երաժշտությունների կատարող Ռիչարդ Կլայդերմանը մարտի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես եկավ համերգով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների (նվագախմբի տնօրեն՝ Նորայր Նազարյան, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ընկերակցությամբ։

«Շատ ուրախ եմ Երևանում գտնվելու համար: Հույս ունեմ, որ մենք հրաշալի ժամանակ կանցկացնենք»,-համերգի սկզբում ասաց դաշնակահարն ու կատարեց իր խոսքը։ Ռիչարդ Կլայդերմանը կատարեց իր հանրահայտ «Ballade pour Adeline», «Love at first sight» , «L for Love», «Chariots of fire» և այլ հայտնի մեղեդիներ։

Հնչեցին նաև ֆիլմերից երաժշտություններ՝ «Կարիբյան ծովի ծովահենները», «Լեոն», «Ինդիանա Ջոնս»,«Աստղային պատերազմներ» և այլն։

Դաշնակահարը նաև անակնկալ էր պատրաստել հայ հանդիսատեսի համար։ Նա կատարեց հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ից:

Ռիչարդ Կլայդերմանը (իսկական անունը` Ֆիլիպ Պաժե) ծնվել է Փարիզում՝ 1953 թվականին։ Դաշնամուր նվագել սովորել է վաղ տարիքում իր հոր հետ, ով երաժշտության ուսուցիչ էր։ Աշխատել է Միշել Սարդի, Թիերի Լելյուրոնի եւ Ջոնի Հալիդեյի մոտ։ 1976 թվականին ձայնագրություններ թողարկող ընկերության կողմից 20 այլ դաշնակահարների հետ հրավիրվել է լսումների` բալլադ ձայնագրելու համար։ Արդյունքում ընտրվել է Ռիչարդ Կլայդերմանը, եւ այդ ժամանակից նա էլ ավելի մեծ ճանաչման է արժանացել։ Հայտնի է դարձել «Բալլադ Ադելինայի համար» (ֆր.՝ Ballade pour Adeline) աշխարհահռչակ ստեղծագործության շնորհիվ, որը գրել է Պոլ դե Սենևիլը։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее