Արդեն 28 տարի է, ինչ մետրոյի նոր կայարաններ չեն կառուցվել: Ավելին՝ լուրեր են շրջանառվում, որ դրանք կառուցվելու դեպքում նոր տարածքներում են լինելու: Տնտեսագետ Սուրեն Սարգսյանը կոնկրետ առաջարկներ ունի.
«Մետրոյի կայարանների կառուցումն ավարտելու համար մոտ 100 միլիոն դոլար է անհրաժեշտ: Դրա համար նախ պետք է Կառավարությունը սկսի ֆինանսավորման գործընթացը, որից հետո համոզված եմ՝ շատերը կմիանան: Ֆինանսի տեղն էլ ասեմ.ճանապարհային ոստիկանության կողմից գանձվող գումարը: Ի դեպ, առաջարկում եմ, որպեսզի 2 կայարան կոչեն Շառլ Ազնավուրի և Քըրք Քըրքորյանի անուններով: Դա էլ կօգնի փող հավաքել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետը:
Շարունակելով վերջինին՝ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նշեց, որ միայն Աջափնյակը շահագործման հանձնելու համար ավելի քիչ գումար է անհրաժեշտ:
«Շատ են առիթներ եղել, որպեսզի շահագործվեր Աջափնյակի մետրոյի կայարանը: Թունելները գրեթե պատրաստ են:
Տարիներ առաջ էլ քննարկեցին դեպի Ֆիզիկայի ինստիտուտ շարժվելը, բայց որոշում չընդունեցին, որովհետև նախ այն թանկ է, երկրորդն էլ Աջափնյակը մեկուսանում էր: Այն, ի դեպ, պետք է դուրս գար Շիրազի փողոց», -մանրամասնեց ճարտարապետը:
Հիշեցնենք, որ մետրոյի շինարարությունը Երևանում սկսվել է 1972-ին: 11,47 կմ երկարություն ունեցող առաջին գիծը շահագործման հանձնվեց 1981 թ. մարտի 7-ին և ուներ 5 կայարան՝ «Բարեկամություն», «Սարալանջի» (այժմ «Մարշալ Բաղրամյան»), «Երիտասարդական», «Լենինի հրապարակ» (այժմ «Հանրապետության հրապարակ») և «Սասունցի Դավիթ»: Հետագայում շահագործման հանձնվեցին «Գործարանային», «Հոկտեմբերյան» (այժմ «Զորավար Անդրանիկ»). «Սպանդարյանի հրապարակ» (այժմ «Գարեգին Նժդեհի հրապարակ») և «Չարբախ» կայարանները: Հիմա կայարանները 10-ն են, որոնցից վերջինը` Չարբախը, բացվել է 18 տարի առաջ` 1996-ին: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակվարչական շրջանում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Դեպի այդ նոր կայարան տանող թունելները փորվել էին դեռևս ԽՍՀՄ տարիներին, նախանշված էր կայարանի մուտքը: Մնում էր Հրազդանի կիրճի վրայով անցնող կամուրջը կառուցել ու անցկացնել գծերը: Սակայն այդ ամենը հսկայական ծախսերի հետ էր կապված և այդպես էլ մնաց թղթի վրա:


