Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթքն այսօր պատահական չէ. տեր Փառեն քահանա
Այս տաճարի վանահայր Գարեգին Արսենյանն այժմ անազատության մեջ է, շուտով նա իր ծառայությունը կշարունակի այստեղ, լրագրողներին ասաց հոգևորականը:
Փառեն քահանան հաստատեց թեմի միասնականությունը, որի ներկայացուցիչներն այժմ աղոթում են իրենց հավատավոր եղբայրների համար:
Արագածոտնի թեմում տիրում է եղբայրական, սիրո մթնոլորտ. տեր Փառեն քահանա
Ե՛վ ժողովուրդը, և՛ մենք՝ հոգևորականները, եղբայրական սիրո վրա հիմնված, շարունակում ենք մենք մեր հոգևոր ծառայությունը և սպասում ենք, որ այդ հոգևոր ծառայությանը կմիանան մեր հոգևոր հայրերը և եղբայրները, ովքեր այսօր անազատության մեջ են, այսօր միասնական աղոթքից առաջ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ լրագրողներին ասաց տեր Փառենը։
«Մենք միշտ ասում ենք` բոլորն էլ մեր հավատացյալներն են, մեր զավակները՝ եղբայրներն ու քույրերն են ի Քրիստոս։ Մենք չենք ատում ոչ մեկին, որովհետև եկեղեցին ոչ թե ատում, մերժում է մեղավորին, այլ ատում և մերժում է մեղքը։ Մենք խնդրում ենք այն մարդկանց, ովքեր այս ընթացքում փոթորկվել են և փնտրտուքի մեջ են ու չգիտեն՝ պատարագի գնան, թե չգնան, ասում ենք, որ եկեղեցու դռները բաց են ձեզ համար, ամեն տեղ պատարագներ մատուցվում են, գնացեք պատարագների և աղոթեք ամբողջ ազգի համար, ամբողջ աշխարհի համար»։
***
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթք հնչեց հայ ժողովրդի, ապօրինի ազատազրկված հոգևորականների և մյուս ազատազրկվածների համար
Հոգևորականները շարականների ուղեկցությամբ խոնարհվեցին Սուրբ Գևորգի մասունքների առջև՝ նրա բարեխոսությունը հայցելով։
Մյուս հինգշաբթի միասնական աղոթքը և ժամերգությունը կկայանան Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցում։


