▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան քառօրյա պատերազմն ամեն ինչ կանգնեցրեց, կոտրվեցի և մեծ դադար վերցրեցի. Սոֆի Մխեյան

 

Life.panorama.am-ը գրում է. Արդեն մեկ ամիս է, ինչ Սոֆի Մխեյանը ներկայացրել է իր նոր` «Լեբլեբիջիների Խմբերգը» հայտնի երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Կայքը զրուցել է երգչուհու հետ` տեսահոլովակի արձագանքների, վերջին ամիսների իր շրջագայությունների, անձնական կյանքի և 2017թ. սպասելիքների մասին:

«Առհասարակ, ինձ շատ դժվար է խոսել իմ տեսահոլովակի մասին, սակայն եթե հարցն ուղղվում է, սիրով կպատասխանեմ.  այս կարճ ժամանակահատվածում տեսահոլովակն իր դիտելիության առումով շատ լավ ցուցանիշ է գրանցել. այն կես միլիոնից ավել մարդ է դիտել, ինչը շատ ոգևորիչ է: Սրանով հանդերձ,  ինձ համար շատ կարևոր է նաև, թե ինչպիսի արձագանքների են արժանանում իմ աշխատանքները: «Լեբլեբիջիների Խմբերգը» երգի և տեսահոլովակի դեպքում իմ ուրախությունը կրկնակի է, քանի որ բացի այն արդյունքից, որը մենք տեսնում ենք համացանցում, ես լսում ու տեսնում եմ շատ դրական կարծիքներ»,- նշել է Սոֆի Մխեյանը` տեղեկացնելով, որ տվյալ երգը կատարելու և դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանելու գաղափարն իր մոտ եղել է դեռ մեկ ու կես տարի առաջ.

«Երբեք անտարբեր չեմ եղել հայրենասիրական, ժողովրդական երգերի նկատմամբ: Շատերը գիտեն, որ ես իմ տարբեր համերգային շրջագայությունների ժամանակ բազմաթիվ հայրենասիրական, ժողովրդական երգեր եմ կատարել և կատարում եմ մինչ այսօր: Այս երգի աշխատանքները սկսել եմ մեկ ու կես տարի առաջ: Քանի որ այն ճանաչված և հին ստեղծագործություն է, ես ամենաառաջինը սկսեցի ուսումնասիրել դրա պատմությունը: Երգի գործիքավորման դիմեցի Կարեն և Սևակին, և արդեն փետրվար ամսին երգի գործիքավորման ամբողջական տարբերակը պատրաստ էր, ինչից հետո էլ արդեն ձայնագրեցի երգը: Բայց, ցավոք սրտի, ապրիլյան քառօրյա պատերազմը ամեն ինչ կանգնեցրեց, ինչից հետո ես չէի ուզում անել ոչինչ և պատրաստ էլ չէի, կոտրվեցի և մեծ դադար վերցրեցի»,- տեղեկացրել է Սոֆին` շարունակելով.

«Այդ ցավալի դեպքերից ամիսներ հետո կարծես թե հասունացավ պահը, և ես վերջապես իրականացրեցի գաղափարս: Ստացվեց այն, ինչ ստացվեց: Ես ուրախ եմ, որ ունեցա այս աշխատանքը և վստահ եմ, որ այս երգը կզբաղեցնի իր ուրույն տեղը: Հենց երկու օր առաջ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից արդեն 3-րդ տարին անընդմեջ հրավիրված էի իրենց միջոցառմանը, որի ժամանակ կատարեցի «Լեբլեբիջիների Խմբերգը»: Ելույթիս ժամանակ սիրտս այնքան էր լցված, այնպիսի մի հպարտություն էի զգում, երբ մոտ 400 աղջիկ ինձ հետ միասին կատարում էր այս ստեղծագործությունը, սա ինձ համար ուղղակի աննկարագրելի զգացողություն էր»,- մանրամասնել է Սոֆի Մխեյանը:

Զրույցի ընթացքում անդրադառնալով նաև վերջին ամիսների շրջագայություններից ստացած իր տպավորություններին` երգչուհին պատմել է.

«Հյուրախաղերով մեկնել էի Լոս-Անջելես, Մեքսիկո, Թեհրան, Մոսկվա և Կրասնոդար: Այսինքն` ստացվում է, որ վերջին ամիսներին ես գրեթե Հայաստանում չեմ եղել, եթե անգամ եղել եմ, ապա ընդամենը մեկ օրով: Անպայման կցանկանամ նշել, որ այս բոլոր տեղերում ես եղել եմ բացառապես շրջագայություններով, այլ ոչ թե, ինչպես շատերին էր թվում, հանգստի նպատակով»,- նշել է Սոֆին:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее