
Panorama.am-ը գրում է. 2016 թվականի ապրիլի 2-ին Մատաղիսում զոհված 53-ամյա Նոդարիկ Մարգարյանը Լոռու մարզի Գուգարք գյուղից էր: Նա որպես կամավոր 1992-93 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին, դրանից հետո որպես պայմանագրային զինծառայող՝ 23 տարի ծառայել է հայրենիքին:
Զինծառայողը 4 երեխաների հայր էր: Վերջին տարիներին բնակվում ու աշխատում էր Մատաղիսում: Զոհվել է ապրիլի 2-ին, հակառակորդի արձակած ականը պայթել է սնունդով բարձված մեքենայի հենց կողքին, որի վարորդը եղել է Նոդարիկ Մարգարյանը:»
Նոդարիկ Մարգարյանի դուստրը՝ Լուսինեն պատմում է.
«1993 թվականին ես առաջին դասարան էի, պապան մեկնեց կամավոր, պատերազմից հետո մնաց պայմանագրային զինծառայող: 2004 թվականի մայրս մահացավ, պապան եկավ, մի քանի ամիս մնաց, հետո տեղափոխվեցինք տատիկի մոտ, ինքը գնաց նորից»:
Վերջին անգամ Լուսինեն հոր հետ խոսել է ապրիլի 1-ին. «Բավականին երկար զրուցեցինք, խոսքի մեջ ասաց՝ Լուսի ջան, վիճակը էն չի, լարված ա»:
Մեկ օր անց՝ վաղ առավոտյան էլ Նարեկին զանգեց: Հանձնարարեց՝ «ունեցածս այստեղ չթողնեք»: Մատաղիսում վարձով բնակվող Նոդարիկ Մարգարյանը կենդանիներ ու թռչուններ էր պահում:
Իսկ Նոդարիկի 82-ամյա մայրը՝ Ելենա Սարգսյանը, ասում է, որ ապրիլի 2-ին հարևանի տանն էր, երբ լսեց՝ Մատաղիսում ռմբակոծություն է: Վերադառնալով տուն, թոռին խնդրել է որդուն զանգել, սակայն պատասխանող չի եղել:
«Սիրտս ինչ-որ բան էր գուշակում: Դողում էր մարմինս, մին էլ Նարեկն եկավ քաղաքից: Տեսա լցված ա, ասի ինչ ա՞ եղել, թե ոչ մի բան: Ասի Նարեկ ինչ ա՞ եղել, ասա, թե չէ փետը գլխովդ կտամ, ի՞նչ ա եղել, ասավ պապան, պապան...ու էլ բան չասավ: Դեպքը 9.30-10.00-ն էր եղել, մենք 17.30-ի կողմերն իմացանք»:
Որդու զոհվելուց հետո տիկին Ելենան գնացել է Արցախ, այն տուն, որտեղ ապրել է տղան:
«Ամեն օր աչքիս առաջ էդ պատկերն է. սեղանին կիսատ թողած ճաշն ու մի կտոր հացը: Ենթադրում եմ՝ զանգել են ու Նոդարիկը դուրս է եկել տնից»,- արցունքն աչքերին ասում է 82-ամյա Ելենա տատը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղյուր կայքում


