Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է երգչուհի Աննա Խաչատրյանը:
-Աննա, նախ ուզում եմ հետաքրքրվել՝ առաջիկայում Ձեր երկրպագուներին նորություններ սպասվո՞ւմ են, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ նոր աշխատանք չեք ներկայացրել:
- Այո, շուտով կլինի նոր տեսահոլովակ, բայց ժամկետներ կխուսափեմ նշել: Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ, հավանաբար նկարահանումները շուտով կսկսվեն: Ամեն ինչ անում եմ՝ գեղեցիկ աշխատանք ստանալու համար, երգը շատ լավն է, որը, հուսամ, կսիրվի հանդիսատեսի կողմից:
-Ձեր պարագայում որքան էլ երկար լինեն էկրանային դադարները, միեւնույն է, չեք մոռացվում: Ինչո՞վ եք պայմանավորում Ձեր այդ հաջողությունը:
- Ընդհանուր առմամբ չգիտեմ այս հարցի պատասխանը, բայց ինձ երջանիկ մարդ եմ համարում այդ առումով: Այո, տեսահոլովակներ ուշ-ուշ եմ նկարահանում, բայց ասպարեզում ժամանակ առ ժամանակ երեւում եմ եւ գուցե դա էլ նշանակութուն ունի: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ մարդիկ ինձ սիրում են ու չեն մոռանում՝ անկախ նոր աշխատանքների քանակից:
-Աննա, շատերը կարծում են, թե տեսահոլովակները արտիստի համար պարտադիր են, ոմանք էլ՝ հակադրվում են՝ բերելով համաշխարահային օրինակներ: Հետաքրքիր է՝ այս առումով ի՞նչ կարծիք ունեք:
- Սա դժվար հարց է, որովհետեւ կան արտիստներ, որոնց պարագայում դա պարտադիր է, կան արտիստներ էլ, որոնց համար տեսահոլովակի առկայությունը ոչինչ չի փոխում: Կոնկրետ ես նոր աշխատանք եմ ներկայացնում, երբ գտնում եմ ինձ համար ինչ-որ իմաստով, արժեքավոր երաժշտական նյութ, որը 15 րոպե անց չի մոռացվի: Օրինակ՝ «Բաղմանչի» տեսահոլովակը ներկայացրել եմ երկու տարի առաջ, բայց առ այսօր այն հանդիսատեսն ինձ հետ երգում է:
-Կարծիքները երկու մասի են բաժնված նաեւ տեսահոլովակի բյուջեի հետ կապված: Ոմանք պնդում են, որ լավ գաղափարը կարելի է իրականացնել անգամ հեռախոսով նկարելով, ոմանք էլ հակադարձում են, թե որակյալ տեսահոլովակի համար մեծ բյուջե է հարկավոր: Դուք այս կարծիքների, ո՞ր հատվածին եք սատարում:
- Իհարկե, եթե ունես մեծ բյուջե, կարող ես շատ ավելի գունեղ ու մասշտաբային տեսահոլովակ նկարահանել: Բյուջեն հեշտացնում է գործդ, բայց նաեւ պակաս կարեւոր չէ լավ գաղափարը, որովհետեւ, եթե երգը լավն է, իսկ տեսահոլովակը՝ վատը, ապա երգը հաստատ տուժում է: Հարկավոր է գտնել ոսկե միջինը:
-Աննա, ուզում եմ լսել հայկական երգարվեստի այսօրվա պատկերի վերաբերյալ Ձեր կարծիքը:
- Այսօր մեր երգարվեստում նորաթուխ երգիչներն այնքան շատ են, որ ես, լինելով գործող երգչուհի, իրենց ուղիղ կեսին չեմ ճանաչում: Թող ինձ ներեն նրանք, բայց անորակությունը, անճաշակությունն ու աղբը այնքան շատ է, որ որակյալ երեխեքն անգամ կորում են նրանց մեջ: Ոմանց բախտը բերում է եւ ինչ-որ բաների հաշվին առանձնանում են այդ ամենից, բայց ոմանց բախտն էլ ուղղակի չի բերում: Վատ ֆոնը այնքան մեծ է, որ մարդիկ չեն էլ ուզում փնտրեն ու լավը տեսնեն:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում