ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի բացառում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդությունները «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում
Այսպես է նա պատասխանել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին: Վերջինս հարցրեց Իշխան Սաղաթելյանի և Գառնիկ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդման հավանականության մասին, քանի որ նրանց անունները հնչել են Գալստանյանի խոսակցությունների՝ քննչականի հրապարակած ձայնագրություններում։ Գլխավոր դատախազի խոսքով՝ համապատասխան փաստերի առկայության դեպքում նա միջնորդություններ կներկայացնի։