▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Մանուչարյանը` բաց տեսարաններում չնկարահանվելու պատճառների և ԱՄՆ մեկնելու առաջարկը մերժելու մասին

Դիտեք նաև՝

Blognews.am-ը հարցազրույց ունի դերասանուհի  Աննա Մանուչարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

««Քարե դարդ»-ից հետո բազմաթիվ առաջարկներ եմ ստացել և այնպես ստացվեց, որ ընտրելու հնարավորություն ունեի: Հիմա զբաղված եմ երկու նախագծում, որոնք շատ տարբեր են իրարից, և հեռուստադիտողն ինձ կտեսնի լրիվ այլ կերպարում, բայց դեռ փակագծերը չեմ կարող բացել: Այս ընթացքում եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ տարբեր պատճառներով․ դրանցից մեկն էլ հոնորարն էր: Իհարկե, ինքնանպատակ չէ մեծ գումար ստանալը, բնականաբար, պետք է հաշվի առնել, թե որքան է զբաղվածությունդ, իսկ մեր աշխատանքը բարդ է, որքան էլ կողքից շատերի համար հեշտ է թվում: Կարևոր է նաև, որ կատարված աշխատանքի համար համապատասխան վճարվես, չնայած հիմա հաճախ են ասում` բյուջեն քիչ է»,- անկեղծանում է դերասանուհին։

Չնայած խնդիրներին՝ եթե հավանում է նախագիծը և դերը` հաշվի առնելով, որ այն կարող է դերասանական աճ գրանցել, զիջումների գնում է. «Սերիալային գործունեության մեջ շատ տարբերվող դերեր չեն լինում, ինչքան էլ տարբեր թվան, հաճախ միանման են: Իհարկե, այս ամենի մեջ դերասանը պետք է կարողանա ճիշտ արդյունքի հասցնել իր ստանձնած կերպարը: Ես կուզեի հնարավորություն ունենալ խաղալու այնպիսի կերպար, որ կարողանայի իմ ամբողջ դերասանական հնարավորությունները ցույց տալ»:

Աննան անկեղծանում է, որ նախագծերից հրաժարվելու հիմնական պատճառներից մեկն էլ չարդարացված բաց և համբույրի տեսարաններն են: Վերջերս էլ հենց նույն պատճառով մերժել է ԱՄՆ մեկնելու և հեռուստանովելում նկարահանվելու առաջարկը. չէր ցանկանա՝ այդ տեսարանները տեսնեին հայրը, եղբայրը, դուստրը. «Չես կարող արհամարել բոլորին և, իհարկե, այն հասարակությանը, որտեղ ապրում ես: Հետո ես շատ վախենում եմ իմ տեսակից դուրս ինչ-որ բան անել և արդյունքում սխալ ընկալվել: Շատ եմ դողում իմ այն արժեքների վրա, որ տարիների ընթացքում կուտակել եմ և չէի ուզի հանկարծ կորցնել: Գուցե գեղարվեստական ֆիլմում համաձայնվեմ, եթե այդ ամենն էսթետիկ նկարահանվի և արդարացված լինի, այլ ոչ թե ինքնանպատակ: Համբույրի տեսարանում էլ չեմ խաղացել և չեմ կարծում, որ կխաղամ, քանի որ վստահ չեմ, որ կարող եմ դա օրգանական անել: Հուսամ` կկարողանամ դեռ շրջանցել այդ պահանջը»:

Բաց տեսարաններում նկարահանվող դերասանուհիներն այսօր առաջարկներ ավելի շատ են ստանում, բայց նրանցից շատերին դիտարկում են որպես բաց տեսարանում խաղացող դերասանուհի: Աննան էլ է դա փաստում. «Իմ ընկերուհի-կոլեգաներից ովքեր խաղացել են բաց տեսարաններում, հաջորդ առաջարկներն ավելի հաճախ են եղել: Ես չէի ցանկանա, որ ինձ դիտարկեին որպես այդպիսի դերասանուհի: Հիմա շատ տարբեր ֆիլմեր են նկարահանվում, մեկում չես նկարահանվի, կլինի մյուսը, բայց կարևոր է, որ ինքդ քեզ հետ ներդաշնակ լինես»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Բաժանումից հետո նախկին ամուսինս երբեք չի տեսել մեր աղջկան. Աննա Մանուչարյանն 1-ին անգամ՝ ամուսնալուծության պատճառի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее