Այսօր տաղանդավոր ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Նա ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի և բեմադրող նկարիչ Լիդիա Գևորգյանի դուստրն է: Տաղանդավոր գեները շարունակվում են նաև Լուսինեի զավակների՝ երգչուհի, դերասանուհի Էնջլ Մարտիրոսյանի և փոքրիկ Ալենի մոտ:
Նվիրումն ու սերն՝ ընտանիքից և ընկերներից հետո՝ Լուսինե Մարտիրոսյանի կյանքում եղել է ու կա մասնագիտության հանդեպ, որին կատարյալ է տիրապետում ու , որի հանդեպ այլոց անզգույշ ու առօրյա մոտեցումը նրան տխրեցնում է:
Վերջին շրջանում հայկական շոու բիզնեսում գերակշռող անգույն ու անհետաքրքիր նորությունների պատճառով հայ հանդիսատեսն ու արվեստասերները հաճախ են հիշում Լուսինե Մարտիրոսյանի անունը, կարոտում նրա գործերն՝ այդ թվում «Հայր Մեր», «Ապրել եմ ուզում» ֆիլմերը, որոնք Ռուսաստանի «Святая Анна», Գերմանիայի «Բեռլինալե» և Հայաստանի «Ես եմ» փառատոներին արժանացել են մրցանակների: Մրցանակների են արժանացել նաև Լուսինե Մարտիրոսյանի նկարահանած շուրջ 50 տեսահոլովակները, որոնցից առավել հայտնիներից են` «Հորովել», «Գեթ մի գիշեր», «Մի երգիր», «Հայաստան», «100 տարի» և այլն:
Այսօր էլ Լուսինե Մարտիրոսյանը շարունակում է ստեղծագործել, ստեղծել, զարմացնել ու կադրի հանդեպ իր նրբանկատ զգացողությամբ հիացնել բոլորին:
Արվեստի հանդեպ անտարբեր չլինելը Լուսինե Մարտիրոսյանի հավատամքն է, իսկ ստեղծագործելը նրա համար օդի ու ջրի նման են, որ դրական լիցքեր են փոխանցել ու, վստահ ենք, առաջիկայում էլ փոխանցելու են մարդկանց:
Asekose.am-ը շնորհավորում է Լուսինե Մարտիրոսյանին՝ ծննդյան օրվա առիթով. մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ, իսկ մեր ընթերցողներին առաջարկում ենք դիտել նրա մասնակցությամբ Բացարձակ Արժեք հաղորդման թողարկումը, որ նկարահանվել է երկու տարի առաջ:
Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան