▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անճաշակ երաժշտություն միշտ է եղել. Զարուհի Բաբայան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Զարուհի Բաբայանը այս շրջանում իր երկրպագուների համար մի քանի անակնկալներ է պատրաստում, ընդ որում, երհգչուհու խոսքերով, սպասվող անակնկալները երկար սպասված էին նախեւառաջ իր համար: Զարուհին պատմեց, որ այս պահին զբաղված է նոր տեսահոլովակի նկարահանումներով.

«Արդեն երկար ժամանակ է, ինչ նոր աշխատանքով հանդես չեմ եկել, ուստի առաջիկայում սպասվող աշխտանքները ինձ համար էլ են անակնկալ: Երգը, որի հիման վրա այս պահին նկարահանում եմ այս տարվա  իմ առաջին տեսահոլովակը, գեղեցիկ սիրային բալլադ է, որի երաժշտության հեղինակն է Արսեն Սաֆարյանը, իսկ գեղեցիկ խոսքերը գրել է  Արթուր Սաֆարյանը: Պետք է նկատեմ, որ այս երգի բովանդակությունը պատմում է իրական սիրո մասին: Իսկ տեսահոլովակում, որի ռեժիսորն է Միհրան Ստեփանյանը, փորձել ենք ներկայացնել թե զգացմուքններ, թե դրանցով արտահայտված երգ եւ պար, որոնք իրական կյանքի պատմություն կպատմի: Տեսահոլովակում ես եւ նկարիչը՝ Վահագն Գրիգորյանը կփորձենք ներկայացնել  այդ պատմությունը. ես երգի, նա՝ կտավի միջոցով: Մեր ներկայացրած սիրո պատմությունը շատ լավ ավարտ կունենա, քանի որ նրանց սերը վերածվում է ավելի ուժեղ զգացմունքի, երբ նրանք իրենց կյանքը կապում են միմյանց հետ»,- պատմեց երգչուհին ու հավելեց, որ պարի, երգի եւ նկարչության, այսինքն՝ արվեստի միջոցով նոր տեսահոլովակում կարտահայտվի մարդկային ամենաջերմ զգացմունքը՝ սերը:

Ի դեպ, Զարուհի Բաբայանը տեղեկացրեց նաեւ, որ այս տեսահոլովակի հետ կապված մի շարք մտքերի հեղինակը հենց ինքն է. «Ես եւ ռեժիսորը փորձել ենք մեր հույզերը, մեր մտքերը եւ երկար տարիների սերը փոխանցել գրեթե չորս րոպեների ընթացքում»,- նկատեց նա:

Զարուհի Բաբայանը նշեց, որ ուրախ կլինի, որ իրական սիրո պատմության հիման վրա գրված այս երգը դառնա նաեւ շատերի սիրո երգը. «Սա շատ խորիմաստ երգ է, այն արդեն սիրո շատ գեղեցիկ պատմություն է, բայց եթե այն արտահայտի նաեւ այլ մարդկանց սերը, ապա ես միայն ուրախ կլինեմ: Այս երգի մեջ ես էլ եմ նորովի ներկայանում, քանի որ իմ երգացանկում նման երգ կատերգորիկ չկա, սա բալլադ է, իսկ ես երգել եմ միայն ջազային բալլադներ»,- նկատեց նա:

Մինչ տարվա վերջ երգչուհին պլանավորում է ներկայացնել եւս մեկ տեսահոլովակ. «Դեռ շատ վաղուց ինքս ինձ խոստացել էի, որ «Կիլիկիա» երգի հիման վրա տեսահոլովակ պետք է նկարահանեմ: Սա ինձ համար շատ կարեւոր աշխատանք է, քանի որ «Կիլիկիա»-ն ինձ համար ուրիշ արժեք ունի, այն կարծես իմ այցեքարտն է, ուստի այն պետք է իմ պատկերացրած տեսահոլովակի տեսքով կյանքի կոչեմ»,- նշեց Զարուհի Բաբայանը:

Միաժամանակ երգչուհին այս երկու աշխատանքով չի սահմանափակվի, նրա խոսքերով մի խենթ միտք ունի, որին պետք է կյանք հաղորդի. «Մի խենթ գաղափար կա մտքումս, բայց դրա մասին չեմ ուզում խոսել, քանի որ այն իսկապես խենթ գաղափար է եւ պետք է ոչ թե 100, այլ 1000 տոկոս վստահություն ունենամ, որպեսզի այն հանձնեմ հանդիսատեսի դատին. հուսամ այս տարի նախատեսածս երեք գործերը կհասցնեմ իրականացնել, եւ եթե ստացվի, կհամարեմ, որ տարին լիարժեք հագեցած էր»,- պատմեց երգչուհին:

Անդրադառնալով վերջին շրջանի լռությանը, երգչուհին պատասխանեց. «Դա շատ գլոբալ հարց է, որի պատասխանը միանշանակ չունեմ: Առհասարակ չեմ կարող ասել, որ դաշտի իրավիճակը չի ազդել էմոցիաներիս եւ ձգտումներս վրա, բայց եւ գալիս է մի տարիք, մի պահ, երբ չես ուզում շտապել, ուզում ես մի փոքր հանգիստ եւ մտածված որեւէ բան անել, կամ աշխատանքներից առաջ երկար ծանրութեթեւ անել: Այսինքն՝ այդ հարցում ամեն ինչն էլ իր փոքրիկ դերերն ունեն, միաժամանակ, ես վստահ կարող եմ ասել, որ մենք, տվյալ դեպքում ես, չեմ կարող ոչինչ չանել, քանի որ սա մի կյանք է, առանց որի ապրել չեմ կարող, դրա համար մեկ-մեկ ինձ հանգստացնում եմ՝ ասելով, որ ոչինչ թող դանդաղ լինի, բայց եւ լինի այն, ինչ հոգիս է ցանկանում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее