Blognews.am-ը գրում է. Ամերիկայում բնակվող երգչուհի Անի Քրիստիի համար նախորդ տարին չափազանց բուռն էր. նա մեկը մյուսի հետևից թողարկեց նոր տեսահոլովակներ, իսկ վերջում այդ ամենն ամփոփեց մեծ մենահամերգով: Անին նոր աշխատանքներ է պատրաստում ներկայացնել իր ունկնդրին, որոնց մասին պատմել է Blognews.am–ին:
«Ես անընդմեջ չեմ սիրում լինել եթերում, ոչ էլ տարաբնույթ համերգներին: Մարդիկ պետք է կարոտեն իրենց սիրած արտիստին: Բոլորս էլ գիտենք, որ տեսահոլովակ նկարահանելը և դրա ստեղծագործական նախապատրաստությունները կապված են մեծ գումարների հետ, իսկ դրանք միշտ լինել չեն կարող»:
Անիի մենահամերգը բավական հիշվող էր և տպավորիչ: Ինքն էլ իրեն խոստացել էր, որ բեմական գործունեության 15-ամյակն անմոռանալի պետք է դարձնի. «Այո, ստացվեց: Այն իմ առաջին մենահամերգն էր Լոս Անջելեսում: Շուտով կլինի DVD տարբերակը ևս, որտեղ իմ մասին պատմող ֆիլմ կլինի, և այն բոլոր մարդիկ, ովքեր հնարավորություն են ունեցել ներկա գտնվել իմ համերգին, այն կտեսնեն նաև այս տարբերակով»:
Երգչուհին նշում է, որ այս փուլում զբաղված է նոր երգեր ձայնագրելով, որոնք, որպես կանոն, ընդգրկվում են ձայնասկավառակում. «Համերգային նոր շրջան, նոր անակնկալներ, և այս ամենը ժամանակի ընթացքում կարող է հասանելի դառնալ ունկնդրին: Շտապողականության արվեստին մեր ասպարեզում ես հիմնականում չեմ տիրապետում: Գիտեմ՝ դա այդքան էլ լավ չէ, բայց իմ աշխատանքի ձևն էլ սա է, երբեմն ի վնաս ինձ, բայց ամենակարևորը՝ իմ սրտով»:
Անին ժամանակին հաղորդում վարելու առաջարկ էր ստացել, պարզվում է՝ առաջարկը դեռ ուժի մեջ է. «Առաջարկներից ընտրելու եմ այն մեկը, որը հաճույքով եմ անելու, ոչ պարզապես անելու համար: Դրան դեռ ժամանակ կա, նախագիծը դեռ ընթացքի մեջ է: Շատ այլ ոլորտներում ես ակտիվ եմ, իսկ իմ ստեղծագործական կյանքում ինձ միշտ մուսաներ են պետք, որոնց առկայության դեպքում էլ լինում է այն, ինչ հետո կոչվում է վերադարձ»:
«Դե ասա», «Հավատա» «Hey you». Անիի ներկայացրած այս երգերը բավական շահութաբեր են եղել նրա համար. «Դրանք դեռ շարունակում են ինձ օգուտ տալ, բայց երբեմն մեզ չեն ցանկանում տեսնել այս կամ այլ երգի սիրված լինելու համար: Շատ դեպքերում ավելի շատ աշխատում է արտիստի ներկայությունը, քան երգած երգերը: Շատ եմ հանդիպել նման իրավիճակների»:
Երգչուհին մի առիթով խոստովանել է, որ կյանքում ամեն ինչ սիրո միջոցով է արվում: Ստեղծագործական կյանքում գրանցած հաջողությունների կողքին սիրո պակաս երբևէ չի ունեցել. «Սերը պարտադիր չէ տեսնել միայն կին և տղամարդ հարաբերությունների դեպքում: Կյանքում շատ ու շատ կարևոր, գեղեցիկ երևույթներ էլ կան: Ժամանակին իմ անձնական կյանքը բավականին քննարկվող դարձավ և ունեցավ քամուց էլ թեթև չափազանցությունների հոսանքը: Դա իմ վաղ երիտասարդ տարիների՝ ինչ-որ չափով թերացումների հետևանքն էր, սխալ ընտրությունը: Բայց հիմա դա լինել չի կարող, քանի որ սկսում ես քեզ ավելի ճիշտ ընկալել և հասկանալ, մեծանում ես և կյանքի «գեղեցիկ» անակնկալների շնորհիվ դառնում ավելի զգոն: Հիմա միայն մի բան կասեմ՝ դա իմ անձնականն է»:
Ընտանիք կազմելն Անիի կյանքի կարևոր ցանկություններից մեկն է դեռ մանկուց: Սիրում է մեծ ընտանիքներ, ջերմություն, աղմուկ, և որ յուրաքանչյուր օրը լցված լինի ծիծաղով. «Ցանկությունս սարերի հետևում չէ, Աստծո կամոք: Ինձ համար շատ դժվար է կյանքում, ես ինձ համարում եմ ուժեղ կին, բայց ոչ տղամարդ կին. չեմ սիրում այդ արտահայտությունը: Ուժեղ կինը հաջողակ տղամարդու զարդն է: Ես կարծում եմ՝ շատ կանայք ինձ հետ համաձայն կլինեն, մեր օրերում դա բավականին լուրջ հարց է»:
Ասում են՝ տարիքի հետ մարդն ավելի է հասունանում, ավելի բծախնդիր է դառնում: Անիի դեպքում էլ է այդպես, հիմա ավելի զգոն է դարձել, բայց այս ամենն անհանգստանալու տեղիք է տալիս նրա մտերիմներին և հարազատներին. «Նրանք վախենում են, որ իրենց հարազատը երբեք էլ չկարողանա գտնել իր համար ճիշտ մարդու և պարզապես միայնակ մնա: Ես, իհարկե, հասկանում եմ բոլոր այդ մտավախությունները, բայց պետք չէ անել այդ բանն առանց սիրո, որ տարիքում էլ լինի այն: Ես սիրում եմ մեր հայկական ավանդույթները, բայց կան մի քանիսը, որոնց հետ ես իրոք համաձայն չեմ: Իսկ ինչ վերաբերում է ինձ մոտ թողնելու՝ թվացյալ բոլոր ճանապարհներն անցնելուն, ասեմ, որ ես հայտնի խաղի «Դրակոնի» միջի հարսիկը չեմ: Դա կլինի ինքնաբերաբար, առանց խաղի կանոնների»:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում