Դիլիջանում գտնվող «Բեսթ Վեստերն Փարադայս» հյուրանոցային համալիրում գործում է դելֆինարիա:
Բնապահպան Սիլվա Ադամյանը սա արդի խայտառակություն է համարում:
«Ոչ ոք հանրությանը այս մասին տեղյակ չի պահել: Մենք գովազդից ենք տեղեկացել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սիլվա Ադամյանը:
Նրա փոխանցմամբ՝ լողավազանում ժամանակ անցկացողների համար երկու դելֆին են բերել:
«Ասում են, թե սրանք անազատության մեջ ծնված դելֆիններ են: Բայց, եթե պարզվի, որ այդպես չէ՝ դա լուրջ խախտում է»,-նկատեց բնապահպանը:
Ինչ վերաբերում է դելֆինաթերապիային՝ նշեց, որ սա օգնում է, եթե դելֆինների համար նախատեսված միջավայրը լավն է:
«Նման պայմանները՝ լողավազանը, քլորացված ջուրը սթրես են դելֆինների համար ու դա կարող է փոխանցվել երեխային, ավելին՝ կենդանին կարող է հարձակվել նրա վրա: Անթույլատրելի է դելֆինին պահել այնպիսի կենսամիջավայրում, որն իրենը չէ»,-նկատեց Սիլվա Ադամյանը:


