«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա մարտի 26-ին լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով:
Այս անգամ Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի կնոջ՝ Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ծրագրում կհնչեն` Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան:
«Ես սիրով եմ գալիս Հայաստան, եթե չցանկանայի՝ հաստատ չէի գա: 18 թիվն, ի դեպ, եբրայերեն կյանք է նշանակում»,-լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց Ցուկերմանը:
Ջութակահարը նշեց, որ հայերի հետ վաղուց է շփվում: 1962 թվականին ուսանել է Ջուլիարդի դպրոցում ՝ անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ:
«Անցյալ դարաշրջանի մեծագույն ուսուցիչներից մեկն էր: Հանճարեղ ձևով, պարզությամբ բացատրում էր, թե ինչպես է պետք շարժել աղեղը ու մի օր արթնանում, տեսնում ես, որ դա ստացվում է: Հրաշալի ջութակահարների փառահեղ սերունդ ստեղծեց»,-նկատեց Պինկաս Ցուկերմանը:
Անի Կարապետյան


