Life.panorama.am-ը գրում է. Անաիս Սարդարյանի, Լեւս Դավթյանի եւ Սոնա Մաթեւոսյանի «410» անունը կրող դերասանական դպրոց-ստուդիան սկսել է իր աշխատանքները եւ արդեն նոր նպատակներ ունի: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց դերասանուհի Անաիս Սարդարյանը:
«Առաջին խումբն արդեն հավաքված է, դասերն էլ արդեն սկսել ենք, պարզապես չենք ցանկանում, որ խումբը շատ մեծ լինի, որպեսզի անահատական պարապմունքները հնարավորինս արդյունավետ լինեն. փոքր խմբերը եւ մեզ հարմար կլինեն, եւ երեխաներին: Երկրորդ խումբն էլ հավանաբար կհավաքվի հաջորդ շաբաթ»,- նշեց Անաիսը:
Նորաբաց դերասանական դպրոց-ստուդիայի համահիմնադիր դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց դպրոցի պայմանների մասին. «Մեզ մոտ աշակերտների տարիքային շեմը սկսվում 12 տարեկանից, բայց նույն մեր առաջին խմբում ունենք եւ 20 տարեկան դիմորդ, եւ 14, եւ անգամ 11 տարեկան մի տղա, ով շատ տաղանդավոր էր եւ մենք էլ որոշեցինք ընդառաջել նրան: Ուսման վճարի հետ կապված որոշել ենք, որպեսզի այն հնարավորինս մատչելի լինի՝ ամսական 20.000 դրամ: Ուսման տեւողուոթյունն էլ կլինի վեց ամիս, իսկ նրանք, ովքեր կցանկանան հետագայում ընդունվել օրինակ բուհ կամ ավելի հմտանալ, կա նաեւ մեկ տարվա կուրս: Մենք հիմնականում դասավանդում ենք դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժուձեւ եւ պլաստիկա, բայց շուտով ունենալու ենք նաեւ գրիմի մասնագետ, ով կսովորեցնի դրա հետ կապված գաղտնիքները, դրան զուգահեռ մենք կունենանք նաեւ օպերատորներ եւ ռեժիսորներ, որոնց միջոցով մեր աշակերտներին կսովորեցնենք տեսախցիկի հետ աշխատել»:
Խոսելով աշակերտների վերաբերմունքից՝ Անաիսը նկատեց. «Մենք երեքս էլ փորձ ունենք այս ոլորտում, երեքս էլ ավարտել ենք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, ես մագիտրատուրա սովորելու տարիներին փորձաշրջանի տեսքով դասավանդել եմ ավելի մեծ տարիք ունեցող ուսանողներին, Սոնան վերջերս է Մոսկվայից վերադարձել, ուր նախապատրաստական դասընթացքների էր հաճախում, դե իսկ Լեւսն էլ բանակային տարիներին երկու տարի շարունակ Ղափանի թատրոնին կից նախապատրաստական դպրոցում դասավանդել է դերասանի վարպետություն: Այսինքն՝ փորձի առումով մենք ունենք որոշակի բազա, ինչը, կարծում եմ կօգնի վստահություն ձեռք բերելու եւ գիտելիքներն էլ ճիշտ մատուցելու հարցում, թեպետ եւս մեկ անգամ պետք է կրկնվեմ եւ ասեմ, որ մեզ մոտ ամեն բան սիրողական մակարդակի վրա է: Միաժամանակ, մեզ համար երեխաների հետ շատ հեշտ է, քանի որ գործում է նաեւ այն փաստը, որ մենք որոշ չափով ճանաչված ենք, սիրված, դե իսկ մենք էլ ամեն բան փորձում ենք անել, որպեսզի մեր աշակերտները գոհ լինեն մեզնից»:
Ի դեպ, ի ուրախություն «410» դպրոց-ստուդիայի աշակերտների՝ Անաիսը նշեց նաեւ, որ իրենց դասերի շրջանակում պարբերաբար հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումեր են կազմակերպվելու. «Դեռեւս հստակ չենք որոշել, թե օրերի ինչ բաշխմամբ, բայց ցանկություն ունենք, որ պարբերաբար հանդիպումներ կազմակերպենք տարբեր դերասանների հետ, ովքեր կկիսվեն իրենց փորձով եւ ինչու չէ իրենց գիտելիքները կփոխանցեն նոր սերնդին »,-նշեց նա:
Անաիսը պատմեց, որ ընկերներով սեփական դպրոց-ստուդիա ունենալու գաղափարը վաղուց են ունեցել. «Անընդհատ մտածում էինք նմանատիպ դպրոց բացելու մասին, բայց անընհատ հետաձգվում էր, սկզբում մտածում էինք՝ չենք կարող, հետո կարծում էինք ժամանակային առումով չենք հասցնի, բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ այն երեխաները, ովքեր կլինեն մեր աշակերտները, մենք նրանցից գոնե 10-ը տարի մեծ ենք եւ ինչ-որ չափով կարող ենք կիսվել մեր փորձով: Մեր դպրոցը այբուբեն կլինի բոլոր այն երեխաների համար, ովքեր ցանկություն ունեն հետագայում այս ոլորտում գործել»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում