
Լոս Անջելեսի գերագույն դատարանն Արամազդ Անդրեսյանին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 5-ամյա որդու սպանության համար: Այս մասին հայտնում է ABC-ն: Ավելի վաղ Արամազդը խոստովանել է, որ ինքն է սպանել որդուն:
Քննիչները հայտնել են, որ տղան խեղդամահ է արվել: Հայտնի է դարձել, որ Անդրեասյանը պատրաստվում էր սպանել իր տղային, այնուհետև այնպես կազմակերպել, որ երեխայի մահվան մեջ մեղադրեին նրա մորը: Անդրեասյանը որոշել էր պատմության հանգուցալուծումից հետո ինքնասպան լինել:
«Հուսով եմ՝ դու կվերհիշես իմ երեխային սպանելու պատկերը քո ոչինչ չարժեցող կյանքի ամեն օր: Ես խղճում եմ քեզ: Դու չստացված հայր ես, դու չստացված տղամարդ ես, դու չստացված մարդ արարած ես»,- դատարանում ասել է երեխայի մայրը:
Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Պասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։ Ապրիլի 21-ին անհետացած փոքրիկի դին հուլիսի 1-ին հայտնաբերվել է Սանտա Բարբարայի Կաչումա լճի մոտ: Որդու անհետացումից հետո հայրը մեկնել էր Լաս Վեգաս և զվարճացել:


