Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Այս գիշրե ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ֆորդոյին, Սպահանին և Նաթանզին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հաջողությամբ ավարտել ենք Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակումը, այդ թվում՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին», - գրել է նա Truth Social-ում։ «Բոլոր ինքնաթիռներն այժմ դուրս են Իրանի օդային տարածքից»։ *** |
Իրանի պետական ռադիոյի և հեռուստատեսության փոխտնօրեն Հասան Աբեդինիի այս հայտարարությունը մեջբերում է BBC-ի պարսկական ծառայությունը։ Ըստ Աբեդինիի՝ տարհանումն ավարտվել է «որոշ ժամանակ առաջ», հարստացված ուրանի պաշարները նախապես հեռացվել են միջուկային կենտրոններից, և ճառագայթման արտանետման վտանգ չկա, հայտնել է BBC-ի պարսկական ծառայության աղբյուրը։ Իրանական Ղոմ նահանգի իշխանությունները հաստատել են Ֆորդոյի օբյեկտի վրա ամերիկյան ինքնաթիռների հարձակումը։ Իր հերթին, Mehr News գործակալությունը հայտարարություն է տարածել, որում պնդել է, որ «այսուհետ տարածաշրջանի յուրաքանչյուր ամերիկացի քաղաքացի և փորձագետ կլինի օրինական թիրախ»։ Թեհրանում համապատասխան մեկնաբանություն արած պաշտոնյաների անունները չեն նշվում։ Հունիսի 22-ի գիշերը Թրամփը հայտարարել է ամերիկյան բանակի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի դեմ իրականացված գործողության մասին։ Ամերիկացի առաջնորդը, մասնավորապես, մանրամասնել է, որ Ռազմաօդային ուժերը «լիքը ռումբեր» են նետել Ֆորդոյի միջուկային էլեկտրակայանի վրա։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ գործողությունից հետո «խաղաղության ժամանակն է»։ Իր հերթին, CNN հեռուստաալիքը պնդում է, որ Թրամփը դեռևս չի պլանավորում լրացուցիչ հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը և ակնկալում է վերսկսել բանակցությունները։ «Նյու Յորք Թայմս» թերթը, հղում անելով իրանցի պաշտոնյաներին, մանրամասնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 2:00-ին։ «Ռոյթերս»-ը մանրամասնել է, որ ռազմաօդային ուժերը միջուկային օբյեկտներին հարվածելու համար օգտագործել են B-2 ռմբակոծիչներ, որոնք նախկինում Միսսուրիի «Ուայթմեն» ռազմաօդային բազայից վերաբաշխվել էին Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազա։ Fox News հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները գնդակոծվել են «Թոմահավկ» թևավոր հրթիռներով։ Հարձակման ժամանակ օգտագործվել են նաև բունկերային կործանիչներ։ CBS-ը հայտնել է, որ ամերիկյան կողմը կապ է հաստատել Իրանի ներկայացուցիչների հետ՝ Իսլամական Հանրապետությանը տեղեկացնելու միջուկային օբյեկտներին հարվածելու իր ծրագրերի մասին և որ չի ձգտում փոխել երկրում կառավարությունը։ Հունիսի 21-ին Իրանը պատրաստակամություն է հայտնել քննարկել Իսրայելի հետ հնարավոր հրադադարը, սակայն Միացյալ Նահանգները իր պատասխանը համարել է անբավարար բանակցություններ սկսելու համար։ Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է հրադադար կնքելու մի քանի տարբերակ, սակայն իրանական կողմի պատասխանը չի բավարարել ամերիկացիներին։ |
***
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը անվանել է տարածաշրջանում վտանգավոր սրացում և խաղաղության ու անվտանգության ուղղակի սպառնալիք։ Գուտերեշի հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից, և նման արդյունքի ռիսկը միայն աճում է։ Գուտերեշի խոսքով՝ նման սցենարը կունենա աղետալի հետևանքներ տարածաշրջանի քաղաքացիական բնակչության և ամբողջ աշխարհի համար։ «Ռազմական լուծում չկա։ Առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Միակ հույսը խաղաղությունն է», - ասել է նա՝ կոչ անելով ՄԱԿ-ի անդամ պետություններին թուլացնել լարվածությունը, պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը։ *** Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել միջուկային մշակումները, հաղորդում է Reuters-ը։ Թեհրանը թույլ չի տա, որ իր «ազգային արդյունաբերության» զարգացումը դադարեցվի։ Reuters-ը նշում է, որ սա վերաբերում է միջուկային ծրագրին։ Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածները խախտում են միջազգային իրավունքը, սակայն չի նշել ԱՄՆ ռմբակոծությունից պատճառված վնասի մասշտաբը։ *** Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանին, եթե խնդիրները չլուծվեն, իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իրանական միջուկային ծրագրի երեք կարևորագույն օբյեկտների վրա վերջին հարվածներից հետո։ «Մերձավոր Արևելքում խնդրահարույց Իրանը պետք է հիմա խաղաղություն հաստատի։ Եթե դա չանի, ապագա հարձակումները շատ ավելի մեծ և շատ ավելի հեշտ կլինեն իրականացնել», - ասել է Թրամփը։ «Կամ խաղաղություն կլինի, կամ Իրանի համար ողբերգությունը կլինի շատ ավելի մեծ, քան այն, ինչ մենք տեսել ենք վերջին ութ օրվա ընթացքում։ Հիշե՛ք, մենք շատ ավելի շատ թիրախներ ունենք», - շարունակել է ԱՄՆ նախագահը։ *** ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա հարձակումը անվանել է անպատվաբեր և զգուշացրել, որ այն կունենա տևական հետևանքներ։ Նա հավելել է, որ Իրանը իրավունք ունի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իր շահերը պաշտպանելու համար։ ***
***
|
***
Միջազգայնագետ Սուրեն սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի ամբողջ Եվրոպան (ԵՄ + ՆԱՏՕ) չկարողացավ ստիպել Թրամփին չբանակցել Ռուսաստանի հետ, մինչդեռ Իսրայելին հաջողվեց ստիպել նրան չբանակցել Իրանի հետ։ *** |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ հարվածները ոչ միայն Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հանգուցալուծում չեն, այլ վտանգավորության աստիճանը մի քանի անգամ բարձրացնող քայլեր: *** |
Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ նախագահի աշխարհի, թերևս, ամենապատասխանատու պետական պաշտոնյայի աթոռին Թրամփի գոյություն ունենալն ինքնին ծաղր ա մարդկային բանականություն, արդարադատություն, պետական ինստիտուտ երևույթների նկատմամբ։ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ծաղրածուն իրեն հատուկ ցինիզմով, օրուելյան ոճով գրել ա՝ «հիմա խաղաղության ժամանակն ա»։ |