▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին

Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։

Նոր ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առքուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են AMXTrader համակարգում։ MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։

Այս նոր հնարավորությունն էապես արագացնում է գործարքների իրականացումը, բացառում է թղթային հանձնարարականների տրամադրման անհրաժեշտությունը և նվազեցնում է մարդկային գործոնով պայմանավորված սխալների ռիսկը։ Բացի տեխնիկական կատարելագործումից, նոր համագործակցությունը նպաստում է ներդրումային ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի հարմարավետ, արագ և ճշգրիտ գործիք ներդրումային գործարքների իրականացման համար։ Այն կարևոր քայլ է դեպի լիարժեք թվայնացված ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները կարող են վերահսկել իրենց պորտֆելը և կատարել գործարքներ իրական ժամանակում։ Նմանատիպ ինտեգրումները խթանում են կապիտալ շուկայի զարգացումը՝ այն դարձնելով ավելի մատչելի, թափանցիկ և արդյունավետ բոլոր մասնակիցների համար։

AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Ուղիղ հասանելիությունն AMXTrader առևտրային հարթակին ստեղծում է նոր որակի փորձառություն՝ թե՛ ներդրողի, և թե՛ ֆինանսական կազմակերպության համար։ Մենք ողջունում ենք Ամերիաբանկի այս առաջադեմ քայլը, որը կարող է օրինակ ծառայել նաև այլ ընկերությունների համար։ Նմանատիպ համագործակցությունները խթանում են կապիտալի շուկայի զարգացումը՝ դարձնելով այն ավելի բաց, դինամիկ և արդյունավետ»։

Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանն  իր հերթին նշել է․ «Հայաստանի ֆոնդային բորսայի և Ամերիաբանկի այս նոր  համագործակցությունը շրջադարձային է թե՛ Ամերիայի թվային ներդրումային ծառայությունների զարգացման, և թե՛ ընդհանրապես Հայաստանի կապիտալի շուկայի առաջխաղացման համար։ Արդյունքում ներդրողների համար ստեղծվում են որակապես նոր հնարավորություններ՝ ապահովելով գործարքների արագություն և հասանելիություն։ Մենք հավատում ենք, որ նմանատիպ թվայնացված լուծումները ոչ միայն բարձրացնում են ներդրումային մշակույթի մակարդակը, այլ նաև էական խթան են կապիտալի շուկայի ներուժի լիարժեք իրացման համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее