ԱԺ-ն այսօրվա նիստում առաջին ընթեցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մինչ այդ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարման կարգով հայտարարեց, թե Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց է ուղղվում կառավարությանը, միայն նրանք իրավունք ունեն որոշել, թե ով պիտի պատասխանի, և պիտի պատասխանեն, թե ոչ: Ըստ նրա՝ որևէ մեկն իրավունք չունի ասել, թե պատգամավորի հարցը կոռեկտ է, թե ոչ, արժե հնչեցնել, թե չէ. «Ես հարգում եմ բոլորին, բայց այդպիսի ինքնիրավչությամբ խնդրում եմ, հորդորում եմ չզբաղվել, հանկարծ կոպիտ կհակադարձեմ, ու շատ անհարմար վիճակ կստեղծվի: Ես որևէ մեկի ելույթին թույլ չեմ տվել արտահայտվել տեղից»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ընդունում է բոլոր գործընկերների կարծիք արտահայտելու իրավունքը, իսկ խորհրդարանում էլ պիտի լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտ:
Նշենք, որ Գեւորգ Պետրոսյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմել էր Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին՝ նշելով, թե ամենաանմխիթար վիճակում գտնվող նախարարության ղեկավարն ինչու է այդքան երջանիկ:


