Դերսիմցիները վերադառնում են իրենց հայկական ինքնությանը: 8 տարի առաջ այս ճանապարհն է ընտրել նաև օրերս առաջին անգամ Հայաստան ժամանած դերսիմցի երիտասարդ Շանթ Թայլանը:
«Դերսիմում հայերեն չէինք սովորում, միայն կցկտուր պատմություններ էինք լսում, բայց իմ ինքնությանը վերադառնալու համար որոշեցի գնալ Պոլիս, փնտրել ու կարդալ ամենը, ինչ վերաբերում է Հայաստանին: Շատ էի ուզում ճանաչել այս երկիրը, շփվում էի հայերի հետ: Եվ, քանի որ որոշել էի գալ Հայաստան, ամաչում էի առանց լեզուն իմանալու այցելել: 8 տարի Հայաստան չեկա՝ լեզուն չիմանալու ամոթից: Ես ցանկանում էի Հայաստանում հայերեն խոսել, և հիմա ինչքան որ կարողանում եմ՝ լինի սխալ, թե ճիշտ՝ մտքերս հայերեն եմ արտահայտում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շանթը:
Երիտասարդն ի դեպ, հասցրել էր նաև հիասթափվել.
«Այդքան ցավեր տեսած ժողովուրդը, որ պետք է համախմբված լիներ ու երկրի զարգացմանն ուղղված քայլեր կատարեր, հակառակն է անում: Սոցիալական մեծ տարբերություն կա այստեղ ու ժողովրդի միջև տարանջատումը ես չեմ հասկանում»,-նկատեց նա:
Շանթը տեղեկացրեց, որ կիրակի այցելել է Ուջան գյուղ, քանի որ գիտի՝ այնտեղ սասունցիներ են ապրում.
«Այնտեղ ուրիշ ապրումներ ունեցա ու բացահայտեցի իսկական Հայաստանը: Սասունցիները հող են կորցրել, իսկ մենք՝ ինքնություն: Հուզվեցի, երբ տեսա աշխատող գյուղացուն, իսկական հային»,-ընդգծեց Շանթը՝ հավելելով, որ նախքան Արևելյան Հայաստան գալը եղել է Անիում.
«Անիից նայում էի այս կողմ ու պատկերացնում այստեղ ապրող ազատ մարդկանց»,-ասաց Շանթը:
Պարզվեց՝ մասնագիտությամբ հաշվապահ այս երիտասարդը բացի ինքնությանը վերադառնալուց սեփական մոտոցիկլետով շրջում է գավառից գավառ, վավերագրում, լուսանկարում է այն ամենը, ինչը կապված է հայի հետ.եկեղեցի, կամուրջ, մատուռ...
Դիմել է կազմակերպությունների, որպեսզի օժանդակեն, բայց մինչ օրս արձագանք չի եղել:
Հարցին՝ նկարելու ժամանակ խոչընդոտներ չե՞ն եղել, Շանթը պատասխանեց.
«Ուր որ գնում եմ՝ ցույց չեմ տալիս, որ հայ եմ: Հիմա ձեռքիս եռագույնն է, բայց այդ վայրեր այդպես չեմ գնում, քանի որ եթե իմանան, որ հայ եմ՝ խնդիրներ, խոչընդոտներ անպայման կլինեն»:
Ինչ վերաբերում է հայերի և թուրքերի բարեկամությանը, ապա դերսիմցի երիտասարդը դրան լուրջ չի վերաբերվում:
«Շրջաններ կան, որ հայեր, թուրքեր են ապրում և 1000-ավոր խնդիրներ կան, տեղեր էլ կան, որ հանգիստ են, օրինակ՝ Դերսիմը, որտեղ մուսուլմաններ չկան:
Անի Կարապետյան


