BlogNews-ը գրում է. Երգչուհի Ալլա Լևոնյանը մեկ շաբաթ առաջ է վերադարձել Բոստոնի հյուրախաղերից։ Կայքի հետ զրույցում Ալլան ասաց, որ մեկնել էր մենահամերգներով։ «Ես հավաքական համերգների շատ քիչ եմ մեկնում, հիմնականում մենահամերգներ են լինում»,- ասաց երգչուհին, ում շահույթը հիմնականում գոյանում է արտերկրի համերգներից։
«Հայաստանում ընթացիկ միջոցառումներ միշտ կան, ուղղակի քիչ են միջոցառումները, որոնք ապահովում են ֆինանսական եկամուտ։ Հիմա դաշտը պասիվ է, քիչ են կազմակերպվում հավաքական համերգներ, որոնցից երգիչները շահույթ էին ստանում, փոխարենն ավելացել են համերգները, որոնց համար չենք վճարվում։) Այդ առումով բարդ է, սակայն ես ուրախանում եմ, որ շատ հյուրախաղեր եմ ունենում։ Տարվա ընթացքում առնվազն 5-6 անգամ մեկնում եմ մենահամերգների, ինչը մեծ ցուցանիշ է այսօր։ Իհարկե, երևակայությունն ու ծրագրերը միշտ ավելի շատ են, քան եկամուտդ է, ուզում ես ամեն գրված երգդ տեսահոլովակ ունենա, սակայն չեմ բողոքում, մինիմալ ծախսերը կարողանում ենք հոգալ»,- անկեղծորեն ասաց երգչուհին։
Ալլան նշեց, որ առաջիկայի համար արդեն շատ ծրագրեր ունի։ «Մի քիչ խուսափում եմ խոսել այդ ամենի մասին, քանի որ դեռ հստակեցման փուլում են, սակայն հյուրախաղերի ծրագրեր կան Եվրոպայում, Կանադայում և Երուսաղեմում»,- նշեց երգչուհին՝ հավելելով, որ անընդհատ աշխատանքային պրոցեսի մեջ է, պարբերաբար մասնակցում է բարեգործական միջոցառումների, համերգների։
Անդրադառնալով վերջին «Բարև» տեսահոլովակին՝ Ալլան նշեց, որ շատ լավ է, որ վերջին տեսահոլովակն այդքան քննարկվեց։ «Անսպասելիությունը միշտ անհամաձայնություն է բերում։ Ամեն դեպքում, ուրախ երգ է, որը սիրվել է, քանի որ համերգներս հենց այդ երգով եմ սկսում։ Ինձ ֆեյսբուքով էլ են գրում, որ երկրորդ, երրորդ անգամից հասկացան, որ լավն էր, ուղղակի անսպասելի էր»,- նշեց Ալլան ու հավելեց, որ առաջիկայում նոր տեսահոլովակ նկարահանել չի պատրաստվում, քանի որ այժմ ֆինանսապես չունի դրա հնարավորությունը։ «Կարծում եմ՝ դրա փոխարեն կարելի է աշխատել ձայներիզի վրա։ Նաև՝ նոր համագործակություն է սպասվում հայտնի խմբերից մեկի հետ, սակայն առայժմ չեմ բացահայտի, թե որ։)»,- ասաց նա։
Բազմազավակակ մայրիկ երգչուհու հետ զրուցեցինք նաև շրջանառվող խոսակցությունների մասին, թե սպասում է չորրորդ երեխային։ «Շատ լավ բան ասացիք, սակայն լուրերը չեն համապատասխանում իրականությանը,- հայտնեց Ալլան ու հավելելեց,- գլոբալ առումով ցանկանում եմ շատ երեխաներ ունենալ, սակայն այժմ դեռ պատրաստ չեմ կրկին մայրանալ։ Աղջիկս դեռ փոքր է, ես հոգնած եմ։ Երեխաների հետ հոգսը շատանում է»։