Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն այսօր տոնում է 37-ամյակը: Դերասանուհին պատմել է, որ ուղիղ կեսգիշերին շնորհավորանքներ է ստացել իր կյանքի ամենակարեւոր մարդկանցից.
«Կեսգիշերին ԱՄՆ-ից ինձ շնորհավորեց կյանքիս ամենակարեւոր տղամարդը՝ որդիս, ապա եղբայրս ու մայրս, ով ծնվածս առաջին իսկ օրից միշտ ու անդադար կողքիս է: Նրանք կյանքիս ամենաթանկ մարդիկ են, նրանցով եմ երջանիկ»,- նշեց Ալինան ու պատմեց, որ երբեք չի ստացվել մեծ խնջույքով նշել ծննդյան օրերը.
«Այնպես է ստացվել, որ ինձ համար արդեն սովորականի նման է ծննդյանս օրերը տանն անցկացնելը. մենք պարտադիր ընտանիքի անդամներով նշում ենք, բայց ծննդյանս օրերը երբեք մեծ խնջույքների չեն վերածվել ու այսօր էլ նույն կերպ կանցնի»:
Ի դեպ ՝մեզ հետ զրույցում Ալինա Մարտիրոսյանը պատմեց 37 տարի առաջ իր լույս աշխարհ գալու խորհրդավոր մանրամասների մասին.
«Ես մայրիկիս առաջին զավակն եմ: Երբ հղի է եղել, բժիշկներն ասել են, որ մայրս տղա պետք է ունենա: Հղիության ողջ ընթացքում մայրս Աստվածաշունչը ձեռքին անդադար աղոթել է, որ առողջ երեխա ունենա, որ վտանգներից հեռու լինի ու բարեհաջող ծննդաբերի: Բժիշիկների կանխատեսմամբ՝ մայրս պետք է մայիսի վերջին ծննդաբերեր, բայց մայիսի 5-ի գիշերը մորս երազին Սուրբ Աստվածամայրն է գալիս, ասում, որ նրան աղջիկ է պարգեւելու, որ հենց ինքն է ուղարկելու ինձ որպես նվեր, որպեսզի միշտ մայրիկիս կողքին լինեմ ու մայիսի 6-ին ծնվում եմ ես: Երազը տեսնելուն պես մայրս որոշում է աղջիկ ունենալու դեպքում Մարիամ կամ Մարիա անվանել, բայց ցավոք, հայրս ու հորաքույրս, չիմանալով այդ խորհրադավոր երազի մասին եւ մորս հետ չխորհրդակցելով, ինձ Ալինա են կոչում»,- պատմեց դերասանուհին ու շարունակեց.
«Այս պատմության մասին ես մեծ տարիքում իմացա, սկզբում մտածում էի անունս փոխելու մասին, հետո այդպես էլ չստացվեց: Հիմա պահ է գալիս, որ փոշմանում եմ անունս չփոխելու համար, հետո էլ մտածում եմ, որ գուցե Աստված ինձ էլ աղջիկ կպարգեւի ու ես նրան կանվանեմ Տիրամոր անունով»:
Այսօր Ալինա Մարտիրոսյանը միայն մեկ երազանք ունի՝ հնրավորինս շուտ տեսնել որդուն.
«Տղայիս արդեն մեկ տարի է չեմ տեսել, ուսումը շարունակելու նպատակով նա հիմա եղբորս մոտ է ՝ ԱՄՆ-ում: Անասելի կարոտել եմ տղայիս, հիմա երազանքներս միայն իր հետ են կապված, հույս ունեմ, որ կհաջողեմ այս տարի տեսնել որդուս»,- նշեց նա՝ ընդգծելով, որ չի մտածում Հայաստանից հեռանալու մասին, ցանկանում է մեկնել Նյու-Յորք, տեսնել որդուն ու կրկին վերադառնալ Հայաստան:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում