▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևն է որոշելու ՀՀ ապագա խորհրդարանի կառուցվածքը». Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սովորենք Ալիևից. ասք հիացումի
Մինչեւ հիմա կարդում եմ հեգնական գրառումներ Ալիեւի մասին: Այնինչ մարդը դիվանագիտության, արտաքին քաղաքականության ու Հայաստանի ենթարկեցման մաստեր կլաս է ցուցադրում տարիներ ի վեր:
Ալիեւը միաժամանակ աշխատեցնում եւ առաջ է տանում 3 սցենար` ստատուս քվոյի, պատերազմի ու խաղաղության:
Նա մի ձեռքով խոսում է ապաշրջափակման մասին, բայց զուգահեռ ՀՀ-ից պահանջում սահմանադրության փոփոխություն ու ադրբեջանցիների վերադարձ: OC MEDIA-ն բացահայտել է արեւմտյան Ադրբեջանի խոսույթի ու պրոպագանդիստների ուղիղ ֆինանսավորումը Ալիեւի վարչակազմից:
Զուգահեռ թույլ է տալիս ռուսական ցորենի տարանցում Վրաստանով Հայաստան, դա էլ «ծախելով» Պուտինի վրա, զուգահեռ պահպանում գերբարձր ռազմական ծախսերը, անընդհատ խոսում ՀՀ հանդեպ պահանջատիրությունից ու պահում ռազմական սպառնալիքի շանտաժը:
Ավելին, պատերազմից ի վեր Ալիեւը կարողացել է հասնել նրան, որ իր ազդեցությամբ, խոսույթով ու սպառնալիքներով կարող է վճռել, թե ընդդիմության, թե Փաշինյանի ճակատագիրն ապագա խորհրդարանում: Եթե խոսի խաղաղությունից, թողի ցորեն գա կամ տարեվերջին 10-15 գերի վերադարձնի` կաջակցի Փաշինյանի խոսույթին` վերջինիս հաղթանակը ապահովելով, կապացուցի, որ «խաղաղության դարաշրջան» է: Եթե սպառնա, պահանջատիրությունը շարունակի, պահանջի Ադրբեջանի «փախստականների» վերադարձ եւ այլն, կնպաստի ընդդիմության փաստարկներին` օգնելով նրանց ամրապնդվել ու մրցել Փաշինյանի հետ:
Ստացվում է 2020-ի պատերազմից ի վեր, 5-6 տարում այնքան փուչ են ինքնիշխանության մասին խոսքերն ու իշխանական քարոզչությունը, որ Ալիեւն է որոշելու ՀՀ ապագա խորհրդարանի կառուցվածքը, իշխանության ձեւավորման հարցն ու ուժերի դասավորությունը: Ավելի թշվառ վիճակ չի եղել նույնիսկ 1918-20թթ-ի կիսաաղետալի դաշնակցական Հայաստանում: Մեր ինքնիշխանությունը հավասարվել է Ալիեւի քաղցրախոսությանը կամ սպառնաբերան լինելուն: Նա է որոշում ՀՀ քաղաքականությունը` արտաքին եւ նաեւ` ներքին:
Այս վիճակը ՀՀ արտաքին ու ներքին անպաշտպանության հետեւանք է: Մինչեւ իշխանությունը զբաղված է իր ներքին հակառակորդների վրա գործ կարելով, հետապնդումներով, գաղտնալսումներով ու կոմպրոմատային պատերազմներով, սթենդափ-պատարագներով ու օջախա-կենցաղային քարոզով, այս ամենը կշարունակվի: Իշխանությունն այս ամենին զուգահեռ ոչ միայն չի ամրապնդում մեր պաշտպանունակությունը, որպեսզի գոնե զսպի կամ չենթարկվի շանտաժի, այլեւ կրճատում է բանակի թվակազմը` զորակոչը սահմանափակելով ու բյուջեն 250մլն դոլարի կրճատելով:
Զուգահեռ ներսում խթանելով ու բորբոքելով Ստոկհոլմյան սինդրոմը, թե ամեն ինչում հայ ժողովուրդն է մեղավոր` թե պատերազմի, թե պարտության, թե Արցախի հայաթափման ու Ալիեւի կողմից Սեւանը Գյոյչա անվանելու: Արդարացնում է դա, թե մենք էլ Ջրական ենք ասում, արդարացնում անմիջապես` հենց հաջորդ օրը, կարծես վախենալով որ նույնիսկ լռությունը կարող է դիմադրության նշույլ համարվել:
Այս բոլոր սցենարները Ալիեւը աշխատացնում է զուգահեռ` ի վերջո չցանկանալով ընդդիմության հաղթանակ, զի Փաշինյանն իր պահանջները կատարում է եւ շատ հարմար գործընկեր է, բայց եւ թույլ չտալով շատ ինքնուրույն Հայաստան: Փաշինյանը պետք է լինի ոչ այնքան թույլ, որ չտիրապետի իրավիճակին, բայց նաեւ այնքան ուժեղ, որ կատարի իր պահանջները»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее