▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի ու Էրդողանի հետ մեկտեղ Փաշինյանն է հաշվետու միջազգային արդարադատության, հայրենի օրենքի ու Աստծո առջև․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ե՛Վ ԴՈՒ, Ե՛Վ ԴՈՒ». Րաֆֆի Հովհաննիսյան 

Ցեղասպանության մեղսակից եւ մասնակից է նա, ով հրամայել է, կատարել է կամ վկայել է նախաստորագրումը կամ ընդունումը մի պաշտոնագրի, ըստ որի՝ հայ մարդու, ողջ հայության եւ Հայաստան պետության իրավունքների իրացմանը միտված միջազգային բոլոր հայցերը պետք է չեղյալ համարել՝ առանց մեր գերիների ու պատանդների ազատ արձակման եւ առանց արցախահայության երաշխավորված տունդարձի ու ժառանգության պաշտպանության:

Մինսկի խմբի լուծարումը եւ որեւէ փոխադարձությունից զերծ ինքնիշխան միջանցքի քողարկված տրամադրումն էլ՝ առանց Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտման եւ Հայաստանի Հանրապետության ամբողջականության վերականգնման, նույնպես նշանակում են ուղիղ համապատասխանատվություն պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ծանր ոճրագործությունների համար:

Նախընտրելի է՝ ավելի հակիրճ: Ալիեւի եւ Էրդողանի հետ մեկտեղ Փաշինյանն է, վրադիր էլ Միրզոյանն ու մյուսները, ովքեր հայ ժողովրդի ցեղասպանության եւ դրա շարունակման համար հաշվետու են միջազգային արդարադատության, հայրենի օրենքի եւ Աստծո առջեւ:

Ե՛վ դու, ե՛ւ դու… ձեզ պահեք ձեր չարորակ բառակույտերը և «քրիստոնյաների» հետապնդման թեմայով ձեր երեսպաշտ դիմումը: Պատրանքային խաղաղության դրոշը, հիմա նաեւ թուղթը պարզած՝ դուք, մանր բռնապետներ, ուղեցուցում եք երկրին ու ազգին դեպի պարտադրված նոր պատերազմ եւ պարտություն, մինչ ձեր իսկական կուռք հանդիսացող մեծ բռնապետները գործում են դեպի հաղթանակի ամբողջացում եւ ամրագրում:

Միեւնույնն է՝ դիմացը Թրամփն է, Պուտինը, Բրյուսելը կամ պարսից թագավորը՝ ամեն մեկն իր շահով եւ օրակարգով, բոլորը պետք է հարգեն այսօր անգամ ծնկի եկած Հայաստանն ու իր օրինակարգ իրավունքը, որովհետեւ վաղը հառնելու է:

Լրահոսած մնացյալը՝ խոսքը, գիրը, քայլը, երդումը, մինչեւիսկ ուրիշից գողացված «Ապագան այսօր է» կարգախոսը, առոչինչ են:

Ժամանակն է՝ համազգային զորաշարժով, համապետական լիազորությամբ, սահմանադրական իրավատիրությամբ շարժվելու, նման մարդկանց մուրճերն ու մանգաղները պատմության պահարան վերադարձնելու համար:

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

11 օգոստոսի 2025,Երեւան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее