▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևի հետ համաձայնեցրել ենք Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու որոշումը»․ Փաշինյան

«Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի նվիրվածությունը, հետևողականությունը և սկզբունքայնությունը հնարավոր դարձրին, թվում է, անհնարինը։»,- այս մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք համաձայնեցրել ենք նախագահ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը, որովհետև մեր սեփական օրինակով տեսանք, որ նախագահ Թրամփն իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին»,- ընդգծել է Փաշինյանը։

Դիտեք նաև՝

***

 

«Խաղաղությունն այսպիսով հաստատված է, բայց խաղաղությունը արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք։ Խաղաղությունն ամենօրյա խնամք է պահանջում նորածին մանուկի նման իրեն պաշտպանելու վարակից, ցրտից ու շոգից, անտարբերությունից ու հոռետեսությունից»,- այս մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոնֆլիկտն իսկապես շատ ավելի քիչ հարցեր է դնում մեր առաջ, և պատասխանի տարբերակներն էլ կոնֆլիկտի պարագայում շատ չեն, իսկ խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր, և այդ հարցերին խնամքով և ոչ թե քամահրանքով պատասխանելն է խաղաղ կյանքը։ Այդ հարցերի շուրջ շրջահայացորեն ու պատասխանները բարեխղճորեն ձևակերպելն է խաղաղության ինստիտուցիոնալացումը, որը շարունակական անհրաժեշտություն է, և որով պետք է զբաղվենք ամեն օր։

Այս համատեքստում չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկրարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է»,- ընդգծեց Փաշինյանը։

***

«TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով»,- այս մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ տարբեր ենթակառուցվածքներից՝ TRIPP ուղին թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ նշանակություն ու ազդեցություն է ունենալու»,- հավելեց Փաշինյանը։

***

«ՀՀ բոլոր ղեկավարների՝ այս ամբիոնից ունեցած ելույթների հիմնական բովանդակությունը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության կոնֆլիկտին։ Այդպիսին էին նաև իմ ելույթները 2018-ից 2023 թվականներին։

Նախորդ տարի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում՝ առաջին անգամ փորձեցի խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի, այլ խաղաղության մասին։ Իմ այդ խոսույթը շատ զգույշ էր, շատ անորոշ, չնայած որ այդ պահին արդեն Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի ավելի քան 12 կմ-ը առաջին անգամ սահմանազատված էր, իսկ երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը՝ ստորագրված երկու երկրների փոխվարչապետների կողմից։

Իմ այդ ելույթից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ. նախ՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված և վավերացման ընթացակարգ անցած առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։ Դրանում 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրված է որպես երկու երկրների սահմանազատման բազային սկզբունք։ Խոսքը միջպետական սահմանների սահմանազատման մասին է։

Նախորդող շրջանի լավատեսական գործընթացներն անցած մեկ տարվա ընթացքում շարունակվեցին։ Այս տարվա մարտին Հայաստանը և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագիծը և նման դրական ելքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։ Այդ փաստաթղթում նույնպես կողմերը, հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին, հաստատում են իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ, և այս հենքի վրա ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը։

Ալմա Աթայի հռչակագրին հղումը նշանակում է, որ երկու երկրները ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական ԽՍՀ-ի տարածքի հետ, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը նույնական է Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքի հետ, և այդ տարածքները ներառող սահմաններն անխախտելի են։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հաաբերությունների հաստատման մասին նշված համաձայնագիրը ահա այս տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում՝ Սպիտակ տանը երկու երկրների ԱԳ նախարարների կողմից նախաստորագրվեց ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման կուլմինացիան դարձավ այն հռչակագիրը, որը Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք հանդիպման արդյունքներով, և որը որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ հռչակագիրն արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված ՄԱԿ կանոնադրությանը ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը, և որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»,- ասվում է հռչակագրում։

Նույն փաստաթղթում մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներս, վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այդ ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը ՀՀ-ի համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Արձանագրվեց նաև, որ ՀՀ-ը աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի» հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման կամ TRIPP ուղի հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատեցինք մեր վճռականությունը՝ բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորին արագ կերպով հասնելու համար․․․»,- նշել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով՝ ես ուրախ եմ միջազգային հանրությանը զեկուցելու, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջև խաղաղություն է հաստատված։

***

«Հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի, հոգատարության համատեքստում շատ կարևոր է խաղաղամետ, լեգիտիմ և համաձայնեցված խոսույթի կիրառումը նաև «TRIPP ուղի» նախագծի մասին»,- այս մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգթոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։

Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն և խոսույթ ենք համաձայնեցրել, և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը․․․ հասկանալի չէ։ Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում, խաղաղության մթնոլորտից և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ճիշտն ասած՝ չեմ հասկանում՝ ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում։

Ինձ, օրինակ, պատճառում է. ինձ բավարար բերկրանք է պատճառում նաև այն, որ ՀՀ-ը տպավորիչ տեմպերով զարգացող անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է և ատելություն չի տածում ու չի տարածում հարևանների և որևէ մեկի նկատմամբ․․․

Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող և նեգատիվ ազդեցություն և ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռք բերված և հռչակված պայմանավորվածությունների․․․

Ադրբեջանցի գործընկերոջս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտափույթ և ճշգրիտ կյանքի կոչելու վրա, ինչի համար էական է լեգիտիմ խոսույթների կիրառումը»,- նշեց վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее