Blognews.am-ը գրում է, որ սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, վերջերս գիրք է հրատարակել «Նոր կյանք նոր մարմնում» խորագրով, որն ուղղված է ավելորդ քաշ ունեցող կանանց։ Գրքի հրատարակությունից հետո շատ կանայք սկսել են դիմել Լիլիթին՝ իրենց համար սննդակարգ գրելու համար։
Դերասանի կինը պարբերաբար ներկայացնում է իր հաջողությունները՝ նշելով, որ ավելի երիտասարդ տարիքում՝ 18 տարեկանում, ինքն էլ բավականին լուրջ խնդիր է ունեցել, սակայն հաղթահարել է ավելորդ քաշը։ Լիլիթը կրկին բախվել է քաշի խնդրին հետծննդաբերական շրջանում, սակայն կարողացել է նիհարել 33 կգ և այժմ կշռում է 46 կգ։ Շուտով «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով Լիլիթը կներկայացնի իր հաղորդումը, որը կլինի ճիշտ սնվելու և կազմվածքին հետևելու մասին։
«Կինը ծնվում է, որպեսզի միշտ գեղեցիկ լինի, մենք միշտ պետք է հետևենք մեզ. բնությունն է մեզ այդպիսին ստեղծել։ Երեխայի ծննդից հետո շատ կանայք այլևս չեն հետևում իրենց՝ մտածելով, որ իրենց առաքելությունն արդեն կատարված է»,- ասել է նա։
Լիլիթը պատմել է, որ ինքն ու ամուսինը «Երկիր Մեդիային» առաջարկել են մի թողարկում նկարահանել, որի շրջանակներում նա կներկայացնի ճիշտ սննդակարգի ձևը, սակայն հեռուստաընկերությունից ցանկություն են հայտնել շարք անել։ «Այս փուլում նախատեսում ենք 4 հաղորդում թողարկել։ Առաջին հաղորդումն ընդհանուր է լինելու, երկրորդում հյուրը կլինի իմ հաճախորդը, ում հետ կզրուցենք՝ ինչպես է նիհարել, ինչու է դիմել ինձ, ինչ դժվարություններ է ունեցել, քանի որ դիետա պահելիս լինում են պոռթկման պահեր։ Երրորդ հաղորդման հյուրը կլինի արտերկրից՝ Գերմանիայից կամ Շվեդիայից իմ հաճախորդը, ով կպատմի, թե ինչպես է կարողանում նիհարել տարածության վրա։ Չորրորդ հաղորդման ժամանակ դիետիկ մի բան կպատրաստեմ և կներկայացնեմ՝ ինչն ինչի հետ չի կարելի ուտել, որ ժամին ինչ չի կարելի ուտել»,- ասել է Լիլիթն ու հավելել, որ չգիտի՝ հետագայում հաղորդումն ինչ ճակատագիր կունենա, քանի որ մոտ տասն օրից աշխատանքային առաջարկով մեկնելու է Մոսկվա։
«Ինձ առաջարկել են աշխատել այն ֆիթնես ակումբում, որտեղ ժամանակին մարզվել եմ։ Նրանք տեսել են, թե ես ինչ կարճ ժամանակում ինչ արդյունք եմ գրանցել։ Երբ առաջին անգամ գնացի մարզասրահ, փորիս ահավոր ճարպ կար, հիմա նույնիսկ մկաններ ունեմ, թեև 1 տարի էլ չկա, ինչ սպորտով եմ զբաղվում։ Նրանք ուզում են հասկանալ՝ ես ինչ եմ արել, գուցե նոր մեթոդներ ունեմ։ Այնտեղ ճիշտ սննդակարգի մեծ դպրոց կա, ցանկանում են, որ ես էլ բաց դասեր վարեմ, մոտիվացնեմ կանանց, մասնավորապես՝ հետծննդաբերական շրջանում»,- ասել է Լիլիթը, ով իրեն դիետոլոգ չի համարում։ նա առաջնային է համարում մարդու մոտիվացիան և խոստովանում է, որ հաճախ իր հաճախորդները ոչ թե սննդակարգ սահմանելու, այլ մոտիվացիա ստանալու համար են դիմում իրեն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում