▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԿԲԱ-բանկը որոշել է, որ ինքը սրբի դուռ է, և ռամիկները պետք է ժամերով իր մոտ սպասեն և հուսան». Արմեն Մինասյան

Արմեն Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ասք ԱԿԲԱ-բանկի սրբի դուռ վերածվելու մասին

Երբ հեռավոր 2013-ին ԱԿԲԱ բանկի գլխամասը Շենգավիթում էր, մեր ընկերության հաշիվներն ու քարտերը այնտեղ բացեցի, բնականաբար` սպասարկումը մինչ օրս այնտեղ է:

(ասեմ, որ բանկի ընտրությունը պայմանավորված էր բացառապես անվան մեջ «կրեդի-ագրիկոլ» բառերի առկայությամբ. եվրոպացի գործընկերներն այն ժամանակ հակված չէին վստահելու հայկական կապիտալով բանկերին)

Ինչևէ: Օգոստոսի 31-ին լրանում է մեր ընկերության քարտի ժամկետը, ճշտում եմ, որ այն վերաթողարկվել է, գալիս եմ վերցնելու: 10 օրվա մեջ 4-րդ անգամ եմ գալիս վերցնելու: 3 անգամ ժամուկես սպասելից հետո այդպես էլ հերթս չհասավ, իսկ այսօր (հատուկ շուտ էի գնացել`13:30) հերթս հասավ, բայց պարզվեց, որ կնիքը չեմ վերցրել և քարտը տրամադրել չեն կարող: (Հերթի հարատևության թեման լրիվ այլ խոսակցության նյութ է, մի ուրիշ առիթով կանդրադառնամ:)

Հասկանալով, որ այս անգամ իմ թերացումն է, առաջարկում եմ լուծում կամ քարտը վերցնեմ, հետո կմոտենամ կնքեմ (գործի համար օր առաջ անհրաժեշտ է, բայց դեռ չեմ ստացել), կամ եթե դա յաման գիտի իրավախախտում է, հոգ չէ, եթե ունեք սուրհանդակային ծառայություն, առաքեք, ես էլ, դուք էլ պրծնենք էս դարդից: Պատասխանը` ոչ, կրկին ոչ, վճռական ոչ:

Ես կարող էի երկար դատողություններ անել այն մասին, թե շաբաթական 8 ժամ ԱԿԲԱ բանկի սպասասրահում անիմաստ անցկացնելը ֆինանսապես, բարոյապես և ֆիզիկապես որքան մեծ բացասական ազդեցություն է ունեցել նվաստիս վրա, դրա հետևանքով որքան եկամուտ չի գրանցել հայրենիքիս տնտեսությունը և համապատասխան հարկ չի հավաքել պետությունը: Կարող էի, բայց չեմ գրում, որովհետև գիտեմ ` դրա վրա բանկում թքած ունեն:

Փոխարենը ուզում եմ կառուցողական առաջարկ ներկայացնել. քանի որ բանկը որոշել է , որ ինքը սրբի դուռ է, և ռամիկները պետք է ժամերով իր մոտ ՍՊԱՍԵՆ և ՀՈւՍԱՆ, իսկ մյուս կողմից իշխող ուժը կաթողիկոսի սեփական թեկնածուի հարցում լուրջ դեգերումների մեջ է, առաջարկում եմ ՔՊ-ն ԱԿԲԱ-ի ղեկավար կազմից մեկին առաջադրի կաթողիկոսի թեկնածու: Կարծում եմ` իշխող ուժի մերկանտիլիզմն ու ԱԿԲԱ-ի սակրալիզմը խնդրի այս տարբերակով լուծման լավագույն գրավականն են»։

Նյութի գլխավոր լուսանկարը՝ համացանցից է և կապ չունի նշված բանկի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее