Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Աիդա Արամին, ում հեռուստադիտողը ճանաչեց «Հայաստանի ձայնը» նախագծից: Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց Սիբիրում ապրող իր ընտանիքի, Հայաստան վերադառնալու իր որոշման, հայրենիքում ունեցած հիասթափությունների, երգի նկատմամբ իր ունեցած պատկերացումների, եւ այլ թեմաների մասին:
-Աիդա, երկար ժամանակ է, ինչ նոր գործերով չեք ներկայացել հանդիսատեսին, ինչո՞վ եք զբաղված, գուցե նոր աշխատանքնե՞ր եք նախապատրաստում:
- Այո, աշխատանքներ միշտ են տարվում. վերջերս կազմավորեցի իմ նոր բենդը, որի հետ արդեն հասցրել ենք ունենալ մեր առաջին համերգը: Բացի այդ, այս պահին նախապատրաստում եմ երկու նոր հայերեն երգեր, որոնք այս տարի հավանաբար տեսահոլովակ կունենան:
-Թերեւս յուրաքանչյուր երգչուհի է երազում սեփական բենդն ունենալ, Ձեր պարագայում ինչպե՞ս կազմավորվեց այն:
- Օգոստոսին շատ արագ կերպով կազմավորեցի իմ բենդը, ավելի ճիշտ երաժիշտներով գտանք իրար ու մտածեցինք, որ ինչու չմնանք իրար հետ եւ միասին մեր արվեստը ներկայացնենք: Բենդը կկրի «Արամի բենդ» անունը: Հուսամ, որ մեր համերգները ավելի հաճախակի բնույթ կկրեն, դե իսկ մենք էլ հաստատ ջանք չենք խնայի, որպեսզի մատուցենք հնարավորինս բարձրորակ երաժշտություն:
-«Հայաստանի ձայնը» նախագծից հետո դուք մի տեսակ այնքան էլ ակտիվ չգործեցիք, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր՝ նման գործելաոճը:
- Եթե անկեղծ լինեմ, ես ավելի ռացիոնալ մտածող մարդ եմ. կարծում եմ, եթե ինչ-որ գործում դու իմաստ չես տեսնում, այն դեպքում, երբ շատ աշխատանք ես ներդնում, բայց ոչինչ չես ստանում, ուրեմն պետք չէ այդ ամենի մասին բղավել: Բացի այդ, ես շատ շուտ հիասթափվող եմ, ու հաճախ ունեցած հիասթափություններից հետո ընկերներս են ինձ կրկին ոտքի հանում:
-Աիդա, ի՞նչն է Ձեզ հիասթափեցրել:
- Եթե երկու բառով արտահայտվեմ, կասեմ մենթալիտետների տարբերությունները: Երբ այստեղ չես ապրել եւ գալիս ես եւ միանգամից մտնում ես շոու բիզնես, որտեղ ամեն ին չայնքան էլ մաքուր չէ, հիասթափությունդ եռապատկվում է: Երբ դրսում ես ապրում, թվում է ՝ այստեղ ամեն ինչ շատ լավ է, մեծ հույսերով ես գալիս, բայց հետո հասկանում ես, որ հակառակ պրոցեսն է գործում, ցավոք սրտի, այստեղ մարդկայինը, մի փոքր իջած է, գուցե դա միայն շոու բիզնեսում է, չգիտեմ, բայց ամեն դեպքում այն ասպարեզը, որտեղ մենք ենք, մի փոքր կեղտոտ է: Երբեմն ես մտածում եմ, որ կցանկանայի պարզապես երգչուհի լինեի եւ ուղղակի ինձ հատկացված երգերը երգել, բայց, երբ գիշերները արթուն մնալով դաշնամուրի առջեւ նստած կարող ես ստեղծագործել ու հետո հասկանալ, որ դա ոչ մեկին պետք չէ, այ դա ցավոտ է: Մարդիկ միեւնույն է գնալու են 6/8 լսեն, քեզ էլ բարեկամական նպատակներով գալու են ու ասեն, թե դու էլ նման երաժշտություն ներկայացրու, որ դու էլ ճանաչված լինես, այ այդ ժամանակ ապշած նայում ես նրանց ու պատասխան չունես, քանի որ ուզում ես անել այն, ինչ քեզ է հարազատ, հակառակ դեպքում իմաստ չկա այս ամենի մեջ:
-Աիդա, երբ տարիներ առաջ եկաք Հայաստան, հետո որոշում կայացրեցիք մասնակցել «Հայաստանի ձայնը» նախագծին, հետաքրքիր է, ունեցած սպասումները շա՞տ էին տարբեր այն իրականությունից, որին բախվեցիք:
- Կարծում եմ, խնդիրը մեր, այս պարագայում՝ իմ մեջ է: Մենք ունենք սպասումները, որոնք չեն արդարանում, հետեւաբար միայն մենք ինքներս կարող ենք կոպիտ ասած «գլուխներս պատով» տալ, քանի որ ոչ մեկ մեզ ոչինչ չի խոստացել: Հարցն էլ նրանում էր, որ ես չեկա այստեղ, որ ինձ ճանաչեն, ես ուղղակի եկա, որպեսզի զբաղվեմ իմ սիրած գործով, որոհետեւ մի բան է դա անել Սիբիրում՝ տանը, մեկ այլ բան է, այստեղ թեկուզ տանջվելով եւ տարին մեկ 10.000 դրամ աշխատելով զբաղվել երգով, ինչը շատ եմ սիրում: Բայց այստեղ ես բախվեցի մեկ այլ խնդրի, իմ ներկայցրած երաժշտությունը իբրեւ թե բոլորը հավանեցին, բայց կազմակերպվող համերգներին բոլորը կան, բացի ինձնից, արդյունքում մտածում ես՝ արդյոք ես իսկապես լավն եմ, ինչպես բոլորն են ասում: Ես շատ ուղիղ մարդ եմ, եւ իմ չափանիշներով էլ բոլորին եմ վերաբերվում, բայց հետո հասկացա, որ այստեղ կարող են ժպիտով ասել, որ ես շատ լավն եմ, բայց երբ ես պտտվեմ, կարող են չարախոսել իմ մասին:
-Հիասթափությունների ճանապարհին շա՞տ ընկերների կորցրեցիք:
- Այո, շատ: Նախ ասեմ, որ երբ եկա Հայաստան, ես ունեի երկու տատիկ եւ մեկ պապիկ միայն, իհարկե, նաեւ բարեկամներ կային, բայց չպետք է մոռանալ, որ ես վեց ամսականից ապրել եմ Սիբիրում: Արդյուքնում՝ այստեղ իմ ճանապարհին հանդիպած բոլոր մարդկանց ես շատ անկեղծորեն ընդունեցի, բոլորին ինձ որպես ընկերներ էի ընդունում, բայց մեջքից մի քանի «դանակահարություն» ու ես հասկացա, որ այսպես չի կարելի: 22-23 տարեկանում ավելի գունավոր էի ամեն բան պատկերացնում, եւ միայն 25-ում հասկացա, որ արժե ֆիլտրել քո շրջապատը, թեպետ մեծ մասամբ ես մարդասեր եմ, ափսոս, բայց դասեր չեմ քաղում, քինախնդիր չեմ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում