Օրերս Asekose.am-ը ««Քո ասածը բ...ի տղություն ա». Բնակիչը բողոքում է «լույսի մարդից» ու իրեն ներկայացված հոսանքի հաշվից» հրապարակմամբ ներկայացրել էր մեր ընթերցողներից մեկի բողոքը, որից հետո, խնդիրը լուծում է ստացել. այդ մասին տեղեկացրել է անձամբ նամակի հեղինակը՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի, Ստեփանյան 5 բն. 33 հասցեի բնակիչ, լրագրող և պրոդյուսեր Տիրան Հայրապետյանը:
«Մի քանի օր առաջ ուղարկածս բողոք-նամակս ստացել է համապատասխան արձագանքը և հասել հանգուցալուծման: Ու քանի որ իմ նախորդ նամակն ինքնանպատակ չէր ու չէր հետապնդում ոչ ինքնագովազդելու ու ոչ էլ անիմաստ ցեխ շպրտելու նպատակ, այլ միայն արդարացի լուծմանն էր ուղղված, ես պարտավորված եմ համարում ինձ տեղեկացնել Ձեզ եղելությունը:
Երկուշաբթի՝ փետրվարի 13-ին մեր տուն եկան ՀԷՑ-ից մի քանի բարձրաստիճան պաշտոնյա, մամլո խոսնակն ու տեսուչը:
Կցանկանայի ներողություն հայտնել անուններն ու ազգանունները չգրելու համար, որովհետև լավ չեմ հիշում և չեմ ցանկանում վիրավորել որևէ մեկի անունը կամ պաշտոնը սխալ գրելով:
Ինչևէ բավականին երկար և բովանդակալից քննարկումների ու ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերեցինք, որ ես 2017թ.-ի հունվարի 12-ին վճարել եմ ճիշտ այնքան գումար ինչքան վճարել էի 2016թ.-ի նոյեմբեր ամսվա իմ օգտագործած էլեկտրաէներգիայի համար:
Ես նոյեմբեր ամսվա մուծումը կատարել եմ 2016թ.-ի դեկտեմբերի 15-ին բանկում իսկ 2017թ.-ի հունվարի 12-ի մուծումը կատարել եմ տերմինալով: ՀԷՑ-ը նոր տվյալները ներմուծել է հունվարի 13-ին:
Փաստորեն ինչ-որ մեկի, գուցե նաև մի ամբողջ բաժնի թեթև ձեռքով, 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից մինչև 2017թ.-ի հունվարի 12-ը տվյալների բազզայում չի թարմեցվել այն տեղեկատվությունը, որ ես արդեմ վճարել եմ 2016 թ.-ի նոյեմբեր ամսվա իմ օգտագործած էլեկտրաէներգիայի համար և այդ գումարն ամբողջությամբ որպես պարտք երևացել է տերմինալի էկրանին 2017թ.-ի հունվարի 12-ին: Ես կարծելով, որ դա 2016 թ.-ի դեկտեմբերի վճարելիք գումարն է, վճարել եմ այն և հանգիստ խղճով անցել իմ առօրյա գործերին:
Դե իսկ 2017թ.-ի փետրվարի սկզբին այդ նույն տերմինալի էկրանին հայտնված 34786 դր.-ը առաջ է բերել իմ արդարացի զայրույթը:
Վստահ եմ ոչ մի նորմալ մարդ ուրախության բերկրանք չէր ապրի թվերի այդպիսի մեծ տարբերություն տեսնելիս: Իրականությունն այն էր, որ այդ 34786 դր.-ը և իմ կողմից De Facto կանխավճար կատարած 6000 դր.-ը միասին մեր տան 2016 թ.-ի դեկտեմբեր և 2017թ.-ի հունվար ամիսների ծախսած էլեկտրաէներգիայի միասնական գումարն էր:
Լավատեսությամբ տրամադրված, որ այդպիսի վրիպումներ այլևս տեղի չի ունենա, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լրատվամիջոցներին շուտ արձագանքելու, ինչպես նաև ՀԷՑ-ի տնօրինությանն ու աշխատակազմին հետևողական աշխատանքի համար:
Հ.Գ.
Չմոռանամ ավելացնել, որ նույն օրը ՀԷՑ-ի աշխատակիցները մեր հաշվիչը տարան լաբորատորիա ստուգման, իսկ ես որպես պարտաճանաչ քաղաքացի կատարեցի մեր տանը ծախսված էլեկտրաէներգիայի ողջ գումարը»,-խմբագրությանը գրել է Տիրան Հայրապետյանը:


