Տեղեկացրել էինք , որ VoskanapatInfo-ն այսօր ուշագրավ նյութ է հրապարակել, որում նաև կա Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի զեկուցագիրը, որն ուղղված է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Այդ զեկուցագրում մասնավորապես ասված է «2016թ.-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստներն են` 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող»։
Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով հրապարակված փաստաթղթին նշեց, որ չի բացառվում, որ զեկուցագրում ներկայացվող տվյալները ևս կիսատ են: «Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը միշտ թաքցնում է իր զոհերի իրական քանակը: Չի բացառվում, որ նաև այս տվյալները լինեն կիսատ, որովհետև մեր հաշվարկների համաձայն իրենք տվել են ավելի շատ զոհեր»,- ասաց Բաբայանը, ապա հավելեց, որ այդտեղ ներկայացվածը ադրբեջանական բանակի զոհերի միայն մի մասն է:
«Նույն Մեհրիբան Ալիևան, երբ հանդիպել էր ապրիլյան պատերազմում զոհված իրենց զինվորների ծնողների հետ, այնտեղ՝ դահլիճում, 1500-ից 2000 մարդ էր: Այդ կեղծարարությունները նրանք միշտ էլ օգտագործել են»,- ընդգծեց նա: Բաբայանի խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները կա՛մ վախեցնում, կա՛մ կաշառում են ծնողներին, որպեսզի թաքցնեն իրական զոհերի քանակը և դա արդեն դարձրել են բիզնես: «22 տարի պատրաստվելով կայծակնային պատերազմի՝ նրանք չեն հաջողել: Այդ երկու բարձունքի գրավումը դարձրել են առասպելական հաղթանակ իրենց համար: Թաքցնում են իրական զոհերի քանակը, որովհետև գիտեն, որ դա ավանտյուրա է»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ սեփական լսարանն ու Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցիները պետք է ասեն՝ սա՞ է ձեր հաղթանակը: Բաբայանի խոսքով՝ այդ ամենը քողարկվում է, որովհետև խորքում բիզնեսն է: «Տեղական իշխանությունները և այլ օղակներ կաշառում են զիվորներին, որպեսզի չասեն թե զոհեր ու վիրավորներ կան, կաշառքի մի մասը գնում է պետական չինովնիկներին. սա խայտառակ կաշառակերների մի թև է , թաքցված զոհերի օրգաններ են վաճառում նույնիսկ»,- ասաց նա։
Նյութը՝ yerkir.am


