Ադրբեջանի որոշ կաբելային հեռուստատեսության օպերատորներ դադարեցրել են ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքների վերահեռարձակումը: Այդ մասին հայտնում է haqqin.az կայքը:
Մասնավորապես ալիքները դադարել են հասանելի լինել Բաքվի կաբելային ամենատարածված օպերատորներից մեկի՝ KATV 1-ի բաժանորդներին ТНТ –ն և ТНТ 4-ը հասանելի կլինեն միայն ապրիլի 25-ից հետո: Իսկ մինչ այդ դրանց փոխարեն հեռարձակվում են թուրքական ալիքներ:
Ընկերությունում հայտնել են, որ ալիքներն անջատվել են այն պատճառով, որ դրանք Հայոց ցեղասպանության մասին տեսանյութեր են ցուցադրում:
ТНТ –ն և ТНТ 4-ը մտնում են «Գազպրոմ մեդիա» հոլդինգի «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսություն» խմբի մեջ, որի գլխավոր տնօրենը Արթուր Ջանիբեկյանն է:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլին էլ Ադրբեջանում կասեցվել էր ТНТ հեռուստաալիքի հեռարձակումը:


