▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբորտի մտորումներ, սիրո պակաս, երեխային վաճառելու ցանկություն կամ ինչ է լինում, երբ տղամարդիկ ծննդաբերում են

 

Թերևս չկա մի տղամարդ, որ գոնե մեկ անգամ պատկերացրած չլինի, թե ինչ է իրենից ներկայացնում ծննդաբերությունը և, առհասարակ, այդ ողջ բարդ գործընթացը:  Իհարկե, այդ ամենը պատկերացնելը մեկ բան է, իսկ  գործնականում դա իրականացնելը` այլ բան: Այդ պատասխանատու աշխատանքն էլ իր ուսերին է վերցրել  ռեժիսոր Նորա Գրիգորյանը, ով ապրիլի 29-ին և 30-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնեց Սերգեյ Շևչենկոյի և Ալեքսեյ Կուլիչկովի «9 ամիս» պիեսը:  Նորա Գրիգորյանը, ով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական  ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է, տվյալ ներկայացման մեջ հանդես է եկել որպես բեմադրիչ և երաժշտական ձևավորման հեղինակ, իսկ պարերի հեղինակը Նունե Կիրակոսյանն է:

Այսպիսով, բեմում տղամարդիկ են, սակայն իսկական կանացի թեմայով: 7 կանանց պատմություն, որի  հիմքը մեկն է` հղիությունը: 7 տարբեր ճակատագրեր,  տարբեր մտորումներ, աբորտի ցանկություն, չծնված երեխային ծնվելուց անմիջապես հետո հանձնելու ցանկություն, մայրական սիրո պակաս և ոչ միայն: Իսկ վերջում ներկայացումն ավարտվում է երկունքի ցավերով և նոր կյանքի հայտնվելով: 

Վերբատիմ ժանրի այս պիեսը ներկայացնում է հղիության ընթացքում կանանց հանդիպող խնդիրները և փորձում դրանց համար պատասխաններ գտնել: Հերոսներն արծարծում են նաև այն հարցը, թե ինչու համար են մարդիկ երեխա ունենում` հստակեցնելով, որ այդ ամենին պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ և որ այդ ամենը երբեք չպետք է շփոթել ընտանի կենդանի պահելու հետ: Բեմադրության եզրափակիչ հատվածում հնչում է մի միտք, որը, թերևս, կարելի է համարել ներկայացման հիմնական ուղերձը. «Քո սեփական երեխան քո հրաշքն է, մեկ այլ  մարդու երեխան` մեկ ուրիշի հրաշքը»:

«9 ամիս»-ը նոր ճշմարտություններ չի ներկայացնում, սակայն բեմում ամեն ինչ նորովի է, նոր ձեռագրով, հետաքրքիր մոտեցմամբ և  մտորելու առիթ տալու մեծ հնարավորությամբ: Ի վերջո, ամեն օր չի կարելի տեսնել ծննդաբերող տղամարդկանց, ովքեր այս ու այն կողմ են գնում երկունքի ցավերից, ինչն էլ այդքան զվարճացնում է դահլիճում գտնվող կանանց, սակայն երբեմն նկատելի են նաև որոշ մարդկանց արցունքներ:

Հավելենք, որ 7 կանանց ճակատագրերն էլ բեմում մարմանավորել են Ֆրեդ Դավթյանը, Սերգեյ Մագալյանը, Ռոբերտ Հակոբյանը, Արման Ղազարյանը, Մանվել Խաչատրյանը, Սերգեյ Գրիգորյանը և Էրվին Ամիրյանը: Իսկ բուն ներկայացումը նվիրվում է բոլորիս ծնողներին` մեզ կյանք տալու և շատ հաճախ իրենց կյանքը մեզ նվիրելու համար:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее