▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ում ուսադիր, կոչում, մասնագիտություն հարգող մարդիկ կա՞ն, եթե թույլ են տալիս այսպիսի կեղծիքներ․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ուղիղ եթերում ներկայացրել է ԱԱԾ-ից իր հարցումների պատասխանները. «Ժողովրդական մի խոսք կա՝ մարդ, որ մեռնում է, խռխռալը ո՞րն է։ Մեր ազգային անվտանգության ծառայությունը որոշել է այդպես էլ անել՝ եթե խայտառակվել, խայտառակվելուց հետո ինչ-որ օրենքներ պահպանելը ո՞րն է: Խայտառակվել, ուրեմն մինչև վերջ խայտառակվել։

Մի շաբաթ, երկու շաբաթ առաջ հրապարակվեց իբր գործակալի հավաքագրման Եզրաս սրբազանի մասին էլ մի փաստաթուղթ, որը պարզվեց բազմաթիվ օրինակներով, որ դա կեղծ է։ Ես էլ եմ անդրադարձել, որոշեցի առաջ գնալ, մի քանի այլ հարցումներ ուղարկել ԱԱԾ։ Նախ ուզեցի, թե այս փաստաթուղթը, որ ուղարկել եք Civic.am, դրա նամակը, ձեր պատասխանը կտա՞ք ինձ։ Հարցրել եմ՝ է՞լ քանի հոգու եք գաղտնազերծել։ Հարցրել եմ՝ որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ տվեք ինձ գաղտնազերծվածները, եթե համարում եք, որ Civic.am-ի կարող եք տալ, ուրեմն պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամին էլ կարող եք տալ, որը տիրապետում է գաղտնիության բոլոր միջոցներին։ Ու ինչ պատասխաններ են տվել իմ հարցումներին։ Պատասխաններից մեկով ասում է՝ ես ձեզ տալիս եմ այս օրինակը, նամակը ես չեմ կարող տամ՝ Civic-ից ուզեք։ Հարցնում եմ՝ լավ, ասում եմ՝ ինչո՞վ եք դուք գաղտնազերծել, քանի՞ հոգի։ Հղում են տալիս փայլուն մի օրինակի, կոչվում է «Ինֆորմացիայի ազատության մասին օրենք»։ Սա հայտնի օրենք է, և դրա իններորդ կետին են հղում տալիս, որից օգտվել են շատ-շատ լրագրողներ տարբեր տարիների, որտեղ ասում է թե ինչը կարելի է տալ, ինչը չի կարելի տալ, բայց գաղտնազերծման հետ կապված ասածներիս ոչինչ չի պատասխանում»:

Գեղամ Մանուկյանը նաեւ այլ հարցում է ուղարկել ԱԱԾ-ին. «Հիշո՞ւմ եք, Մայր Աթոռի տարածքում տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում էին մի քանի հարյուր ԱԱԾ-ականներ, ոստիկաններ։ ԱԱԾ-ին ասում եմ՝ լսեք, ԱԱԾ ջան, այդ ԱԱԾ-ականին, որ բերել եք, որ հսկեն եպիսկոպոսներին, ի՞նչ օրենքի կետով, ո՞վ է դիմել, որ իրենց հսկեն։ Ինձ հղում են տալիս, բնականաբար, ԱԱԾ ծառայողների մասին մի օրենքի կետ կա՝ տասնհինգերորդ հոդվածը, տասնյակ էջեր են այստեղ. ամեն ինչ կա՝ մարդկանց հավաքագրել, գաղտնի տեղեկություններ, բայց որ տիրադավ եպիսկոպոսների անվտանգությունը պետք է ապահովեն, այդ օրենքում որևէ կետ չկա։

Առաջիկայում հաշվետվություն է կառավարության, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը գալու է, առիթ ունենալու եմ հարցնել։ Բայց քանի որ այսօր ազգային անվտանգության ծառայության մարմինների օրն է, մի քիչ փչացնելով այդ օրը, թե կասկածում եմ՝ այլևս այնտեղ ուսադիր հարգող, կոչում հարգող, մասնագիտություն հարգող մարդիկ կա՞ն, եթե թույլ են տալիս այսպիսի կեղծիքներ։

Մի լավատես ընկեր ունեմ, որն ասում է՝ գիտե՞ս, այնքան կեղծիքներով են այս իբր փաստաթուղթը հրապարակել, որպեսզի անզեն աչքով էլ մարդկանց պարզ լինի, որ սա կեղծ է, որ մարդիկ հասկանան, որ ազգային անվտանգության ծառայությունը դրա հետ կապ չունի։ Բայց այդ իմ ընկերը մեկն է լավատեսը, իսկ շատերի համար հստակ է՝ ազգային անվտանգության ծառայությունը վերածվել է Նիկոլ Փաշինյանի համար սատանա փնտրող, սև վերնաշապիկ, սև շապիկ հագնող ու գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգող»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее