▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

70-80 տարվա կորցրածը հետ բերելը դժվար էր․Ջավախյան ավանդական գաթայի փառատոն՝ Ախալքալաքում

 

Երեկ՝  մարտի 22-ին, Միջինքի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն 6-րդ անգամ անցկացվեց «Հայկական Գաթա» փառատոնը՝ Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդարանի և «Ջավախք աջակցություն» հիմնադրամի համատեղ ջանքերով։Փառատոնին ներկայացված էին ջավախյան  ավանդական գաթաներ։ Մի մասը նախատեսված էր նաև պահքի համար։

Փաառատոնին ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումորդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին, ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները։

Առաջին անգամ Ախալքալաք էին ժամանել նաև ուխտավորներ՝ Երևանից,  Գյումրիից և Վրաստանի տարբեր շրջաններից։

Գաթայի փառատոններ են տեղի ունեցել նաև Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս և Խանդոյի Սուրբ Խաչ եկեղեցիներում։

Կազմակերպիչները նախատեսում են հաջորդ տարի Զատիկից հետո կազմակերպել փառատոնը՝ պայմանավորված տոնախմբության վերածելու մտադրությամբ:

«Շատերը չէին հավատում, որ այստեղ հնարավոր է նման բան անել։  Ասում էին՝ սա փոքր քաղաք է, ավանդույթները գրեթե մոռացել են, այս հարցին կամաց-կամաց պետք է մոտենանք և այլն։ Սակայն այս մտահոգություններն հօդս ցնդեցին, երբ առաջին փառատոնին ունեցանք 50 գաթա։  Բարդույթները կարողացանք հաղթահարել, որովհետև տարիներ շարունակ ավանդույթներ, եկեղեկացական կարգ, այնտեղ հաճախելու մշակույթն էինք կորցրել և 70-80 տարվա կորցրածը հետ բերելն ահավոր դժվար էր։ Իսկ այսօր, Փառք Աստծո, ունենք կազմակերպված եկեղեցի, այս տարածաշրջանում ծառայող 10 հոգևորական»,-ասաց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը։

Ախալքալաքը քաղաք է Վրաստանում, Սամցխե-Ջավախք նահանգի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն: Անվանումը բառացի թարգմանվում է որպես Նոր քաղաք։ Ախալքալաքը հիշատակվում է XII դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների` վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թ. քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թ. Ադրիանուպոլսի պայմանագրով այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ: Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո` 1921 թ. նոյեմբերի 6-ին, երկու խորհրդային հանրապետությունների մiջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։

Անի Կարապետյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее