Յուրաքանչյուր մարդ, ում աշխատանքը պահանջում է ինտելեկտ ու ստեղծագործական մոտեցում, գիտի, որ արագ ու ոչ ստանդարտ մտածողությունը դեպի հաջողություն տանող բանալին է: Սակայն միշտ բարձունքում լինելը դժվար է՝ անկախ նրանից, թե որքանով է մարդը տաղանդավոր: Եվ անգամ եթե դու ունես Էյնշտեյնի ուղեղ, այն մեկ-մեկ պետք է դադար առնի և հանգստանա:
Անգամ «ամենայն ստեղծագործ ուղեղ» Սթիվ Ջոբսն էր զգում սեփական մտքերին խթան տալու կարիք: Այսօր Ձեզ կներկայացնենք Սթիվ Ջոբսի՝ ուղեղը մարզելու տեխնիկայի մի քանի հնարքներ:
Պատմում է Ջոբսի կենսագիր Ուոլթեր Այզեքսոնը. «Ահա թե ինչպես է նկարագրել Ջոբսը իր մտորումների հետևանքները. եթե մենք նույնիսկ ուղղակի ոչինչ չենք անում, նստած հետևում ենք շրջապատին, մեր միտքը շարունակում է անհանգիստ լինել: Երբ մենք փորձում ենք «անջատել» մեր ուղեղը, ամեն ինչ ավելի է բարդանում: Իսկ մեր միտքը կարողանում է հանգստանալ միայն աստիճանաբար, և երբ դա արդեն տեղի է ունենում, մենք սկսում ենք լսել անգամ ամենաաննշան շշուկները: Դա նշանակում է, որ մեր ենթագիտակցությունն ու ինտուիցիան զարթոնք են ապրում, և մենք իրերը սկսում ենք տեսնել ավելի վառ ու ավելի խորը, քան իրականությունն է: Մեր ուղեղի աշխատանքը դանդաղում է, ու մենք սկսում ենք տեսնել ավելի շատ, քան կարող էինք անել դա մինչ այդ»:
Այս հատուկ տեխնիկան կոչվում է գիտակցության մեդիտացիա, որը սկիզբ է առել բուդիզմից ու դաոսիզմից: Մահվանից կարճ ժամանակ առաջ այս մասին Ջոբսը պատմել է Այզեքսոնին՝ ասելով, որ նա կիրառում է մտավոր ներուժի օպտիմալացման այս մեթոդն արդեն երկար տարիներ: Այն տարիների համար սա անհավանական մի բան էր թվում: Ինչպես տեսնում եք, անգամ այս առումով էր Ջոբսը բոլորից առաջ մտածում: Այդ ժամանակներից շատ բան է փոխվել: Ներկայումս մեդիտացիայի դրական ազդեցությունը գնահատում են անգամ առաջատար նյարդաբանները: Կորպորատիվ այնպիսի հսկաները, ինչպիսիք են Google, General Mills, Target և Ford-ը, իրենց աշխատակիցներին սովորեցնում են մեդիտացիայի այն նույն պրակտիկան, որը Ջոբսն էր կիրառում շատ տարիներ առաջ:
Ահա այդ 6 քայլից բաղկացած մեթոդի բովանդակությունը.
Քայլ 1
Նստիր խաղաղ ու մեկուսացած վայրում՝ ոտքերը ծալապատիկ: Ողնաշարի լարվածությունը նվազեցնելու համար օգտագործիր տափակ բարձիկ: Սկսիր խորը շնչել ու դանդաղ արտաշնչել:
Քայլ 2
Փակիր աչքերդ և փորձիր կենտրոնանալ ու լսել քո ներքին ձայնի մոնոլոգը, կարդալ քո ուղեղում թափառող մտքերը աշխատանքի, տան, հեռուստատեսությամբ տեսածի, լսած խոսակցությունների մասին: Մի՛ փորձիր վերջ տալ այդ ամենին, հետևիր, թե ինչպես է քո ուղեղը ցատկում մեկ թեմայից մյուսը՝ չարաճճի կապիկի պես: Սովորիր հետևել քո մտքերին ու կատարել այս վարժությունը մեկ շաբաթ շարունակ:
Քայլ 3
Մի՛ փորձիր դադարեցնել քո մտքերի մրրիկը, պարզապես կենտրոնացրու ուշադրությունդ գիտակցությանդ այն հատվածի վրա, որը պատասխանատու է ոչ տագնապային ու ոչ շտապողական մտքերի համար: Մտքերի այս տեսակը կոչենք «ցլի մտքեր», որը թույլ է տալիս ուղղակի դիտարկել շրջապատը՝ առանց խորհրդածելու, լսելու և զգալու: Մարդկանց մեծամասնությունը չգիտի մտածելու այս տեսակի մասին, այն բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ «կապիկի մտքերը» դադար են առնում:
Քայլ 4
«Կապիկի մտքերը» աստիճանաբար փոխգործակցության մեջ են մտնում «ցլի մտքերի» հետ: Եվ որպեսզի դու կարողանաս հանդարտեցնել «կապիկի մտքերը», պատկերացու հետևյալ տեսարանը. ահա քո ներաշխարհը, որտեղ գյուղական նեղ ճանապարհով անվրդով իջնում է հսկա ցուլը: Այս երևակայական տեսարանը կօգնի քեզ հանդարտեցնել քո «կապիկի մտքերը»: Պետք չէ կարծել, որ դու անմիջապես կքնես. քո գիտակցությունը դեռ անհանգիստ է: Եվ այնուամենայնիվ, Դու շուտով կզգաս, որ քո ներքին «կապիկը» խաղաղվում է ու առավել անտարբեր է դառնում աղմուկի և ձայների նկատմամբ:
Քայլ 5
Քո մտքերի կապիկին հանդարտեցնելուց հետո փորձիր ուշադրությունդ սևեռուն պահել քո մտքերի ցլի վրա: Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում դու շուտով կզգաս, որ մտքերդ դանդաղում են: Հանկարծակի դու կզգաս քեզ շրջապատող օդը: Լիովին հնարավոր է, որ դու զգաս նաև, թե ինչպես է երակներումդ հոսում արյունը: Եվ երբ դու բացես աչքերդ, կզգաս, որ քեզ շրջապատող աշխարհը վերափոխվել, նորացել ու արտասովոր է դարձել: Օրինակ՝ պատուհանը դու կարող ես դիտարկել ոչ թե զուտ որպես պատուհան, այլ մի ուղղանկյուն, որը լցված է լույսով: Ինքդ քեզ էլ կսկսես այլ կերպ ընկալել՝ դու ուղղակի մեկն ես, ով գոյություն ունի այստեղ և հիմա:
Քայլ 6
Այս վիճակին հասնելու համար քեզանից ժամանակ կպահանջվի: Սակայն երբ վերջապես դու դրան կհասնես, կբացահայտես, որ րոպեների ընթացքը չես նկատում: Ու սա շարունակվում է մինչ այն պահը, երբ դու մտովի սեղմում ես «stop» կոճակը: Աստիճանաբար, օր-օրի մեդիտացիայի տևողությունը պետք է ավելացնել: Անհավանական է, բայց որքան էլ մեդիտացիան երկար տևի, այնուամենայնիվ, դու նրա տևողությունը չես զգա:
Գիտակցության մեդիտացիայով շարունակաբար զբաղվելը քեզ կտա երեք կարևորագույն առավելություն.
1. Դու կազատվես սթրեսից: Կյանքի դժվարություններն այլևս չեն հանի քո մտքերը բալանսից:
2. Անքնությունն այլևս անցյալ կդառնա: Ինչպես Ջեֆրի Ջեյմսն է փաստում, շնորհիվ մշտական մեդիտացիայի՝ նրան քնելու համար ընդամենը 2,3 վայրկյան է պետք:
3. Քո մտքերն ավելի մաքուր ու հստակ կդառնան և դու կկարողանաս տեսնել կյանքի իրական արժեքն ու նրանում տեղի ունեցող իրադարձությունները:
Թարգմանությունը՝ BlogNews.am