Life.panorama.am-ը գրում է. «4 տարբերակ» խմբի հնարավոր վերադարձի մասին արդեն պատմել ենք, բայց թվում է, թե խմբի սպասված վերադարձը ուշանում է: Տեղեկանալու համար, թե խումբը ե՞րբ է պատրաստվում կազմակերպել վերադարձը՝ կապ հաստատեցինք երգչուհի, «4 տարբերակ» խմբի անդամ Նարինե Մկրտումյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց. ««4 տարբերակը» կանոնակարգված քայլերով վերադառնում է»:
Հարցին, թե ի՞նչ փուլում են գտնվում խոստացված նոր երգի եւ տեսահոլովակի աշխատանքները՝ Նարինեն պատասխանեց. «Այս պահին սպասում ենք գործիքավորման աշխատանքներին, որով անպայման ուզում ենք զբաղվի տաղանդաշատ Մարտին Միրզոյան: Նա այս պահին որոշ աշխատանքներով է զբաղված, ավարտելուն պես կզբաղվի մեր երգի գործիքավորմամբ, որից հետո էլ անմիջապես կձայնագրվենք»:
Խոսելով սպասվելիք երգից՝ Նարինեն նկատեց. «Մեր նոր երգը մեզ են նվիերլ Վահրամ Պետրոսյանը (երաժշտության հեղինակ) եւ Ավետ Բարսեղյանը (խոսքերի հեղինակ): Այն ռիթմիկ եւ շատ գեղեցիկ երգ է, իսկական «4 տարբերակ»-ի ոճին համապատասխան, որը հուսամ կարդարացնի մեր տարիների լռությունը»:
«4 տարբերակը» նոր տեսահոլովակը կներկայացնի հաջորդ տարվա սկզբին, ուստի երգչուհու խոսքերով դեռեւս հստակ չգիտեն, թե որ ռեժիսորին կվստահեն իրենց համար կարեւոր եւ երկար սպասված տեսահոլովակը:
Մեր այն հարցին՝ նոր աշխատանքը կլինի հիշեցո՞ւմ, թե ամբողջովին վերադարձ, Նարինե Մկրտումյանը դժվարացավ պատասխանել. «Այդ հարցին դեռեւս չեմ կարող հստակ պատասխանել, ամեն բան ժամանակը ցույց կտա, ամեն ինչ կախված է այս նոր երգի հաջողությունից»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում