▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-ից 15 մլն․ ինչպես քառապատկվեց Երևանի փոխքաղաքապետի կնոջ եկամուտը

ՕրագիրՆյուզը գրում է․ Երևանի քաղաքապետարանն արդեն տևական ժամանակ է, ինչ վերածվել է առանձին պաշտոնյաների ընտանեկան բյուջեն համալրելու հարմարավետ գործիքի: Երբ հանրությունը դեռ չէր հասցրել մարսել Արմեն Փամբուխչյանի հոր ստացած ավելի քան 100 միլիոն դրամ պետական սուբսիդիայի պատմությունը, հերթական աղմկահարույց, բացահայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող շղթան է ի հայտ գալիս՝ կապված Փամբուխչյանի ընտանիքի, մասնավորապես՝ նրա կնոջ՝ Սոսե Բաղդասարյանի եկամուտների կտրուկ աճի հետ։

Հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում ուշագրավ պատկեր է ի հայտ գալիս․ Փամբուխչյանի կնոջ եկամուտները գոյանում են երկու փոխկապակցված ընկերություններից՝ «Բեգրաունդ փրոդաքշն» (որից 2023-ին ստացել է 4,3 մլն դրամ) և «Ֆակտորի փրոդաքշն» (որից 2024-ին ստացել է 15,3 մլն դրամ): Այսինքն՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում եկամուտներն աճել են գրեթե քառապատիկ։

Այսպիսի ֆենոմենալ հաջողության գաղտնիքը թաքնված է ոչ թե ազատ շուկայական մրցակցության, այլ այն ընկերությունների մեջ, որոնք սնվում են ուղղակիորեն Երևանի քաղաքապետարանի բյուջեից:

Ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ «Ֆակտորի Փրոդաքշն»-ը և հետագայում «Բեգրաունդ Փրոդաքշն»-ը իշխանափոխությունից հետո սկսել են արագորեն դառնալ պետական միջոցառումների հիմնական կազմակերպիչները։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը նույնպես անդրադարձել էր այս թեմային։ Ըստ նրա հրապարակած տվյալների՝ այս երկու սինդիկատները տարիներ շարունակ, առանց որևէ մրցույթի Երևանի քաղաքապետարանի հետ կնքել են ընդհանուր առմամբ 7,2 միլիարդ դրամի (շուրջ 18,6 միլիոն դոլարի) պայմանագրեր:

Այս ընկերություններն են կազմակերպում Երևանի չափազանցված ու աստղաբաշխական արժեք ունեցող ամանորյա զարդարանքները, ինչպես նաև Տիգրան Ավինյանի՝ հանրության կողմից սուր քննադատության արժանացած 87 միլիոն դրամանոց երդմնակալության արարողությունը։ Բացի այդ, միայն վերջին տարիներին այս ընկերությունները ստացել են 150 միլիոն դրամ՝ «Մեր ժամանակների հերոսը» միջոցառման կազմակերպման համար, մեկ անձից գնման ընթացակարգով 1 միլիարդ 160 միլիոն դրամ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար, «Քաղաքացու օրվա», մշակութային և այլ նախագծերի շրջանակներում։

Հասարակությունը դեռ հիշում է իշխանության այն խոստումները, որոնք վերաբերում էին «կոռուպցիայի վերացմանը», «հովանավորչության ոչնչացմանը», «պետական փողերի թափանցիկ կառավարմանը»։ Սակայն այսօր նույն իշխանության ներսում ձևավորվել է մի փակ ցանց, որտեղ նույն անունները պարբերաբար հայտնվում են պետական գնումներում, նույն ընկերությունները ստանում են խոշոր միջոցառումների կազմակերպումը, իսկ իշխանական շրջանակների ընտանիքների ֆինանսական վիճակը կտրուկ բարելավվում է։

Եվ երբ այս ամենին գումարվում է նաև Փամբուխչյանի հանրային կերպարը՝ օնլայն խաղերով տարված պաշտոնյայի մասին հրապարակումները, հասարակության մոտ ողջամիտ կասկածներ են առաջանում, որ պետական համակարգը վերածվում է ոչ թե հանրային ծառայության, այլ «յուրայինների» բարեկեցության սպասարկման մեխանիզմի։

Ստացվում է՝ քաղաքային բյուջեի հանրային միջոցները մասնավոր ընկերությունների միջոցով անուղղակիորեն հոսում են փոխքաղաքապետի ընտանեկան բյուջե։ Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը սույն թվականի մայիսի 7-ին ինքնաբացարկի որոշում կայացրեց՝ հայտարարելով, որ առաջնորդվում է «Երևան քաղաքի լավագույն շահով և քաղաքի կառավարման ճգնաժամ չհարուցելու հրամայականով»։

Քաղաքական վերլուծաբաններն ու ընդդիմադիր դաշտը այս քայլը դիտարկում են որպես թիմային տակտիկական հնարք՝ հանրային դժգոհությունը մեղմելու նպատակով: Ըստ էության, Փամբուխչյանի անվան հետ կապված վերջին աղմկահարույց պատմությունները լուրջ հարված են հասցրել ՔՊ-ի վարկանիշին, ուստի որոշել են այս ճանապարհով «ձերբազատվել» նրանից․․․

info@asekose.am/095519696
Հասարակություն далее