▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«4 ամիս նստած ենք կամերում». Սամվել Բաբայանի գործը մեկնարկեց

Փաստինֆո-ն գրում է․ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այսօր մեկնարկեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:

Դատավարությանը ներկա էին բոլոր՝ 7 ամբաստանյալները և նրանց պաշտպանները, բացառությամբ՝ ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորիա Կիրակոսյանի: Վերջինս  դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 10-ը գտնվելու է արձակուրդում, սակայն պաշտպանի բացակայությունը խոչընդոտ չհանդիսացավ գործով նախապատրաստական փուլն անցնելուն՝ ամբաստանյալը չառարկեց:

Այսպիսով, Սամվել Բաբայանի ինքնությունը ճշգրտելիս նախկին դատվածության վերաբերյալ հայտարարեց, որ ըստ իրեն՝ պատժի կրումից ազատվել է հիվանդության պատճառով, իսկ թե ինչ են ձևակերպել դա իրենց խնդիրն է:

Գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ խնամքին ուներ մեկ անչափահաս երեխա, մեղադրական եզրակացությունն էլ ստացել էր, սակայն չէր կարդացել՝ տեսողությունը վատ է՝ գրվածին հավատում է: Ամբաստանյալներից  Կարեն Քոչարյանն ունի անչափահաս երկու երեխա:

Նշենք, որ ամբաստանյալներ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները հարազատ եղբայրներ են:

Պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Արամ Արամյանին բացարկ չհայտնեց, դատաքննությունն էլ լրացնելու միջնորդություններ այս փուլում չեղան, սակայն ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հայտարարեց, որ իրենց կողմից միջնորդություն է ներկայացած եղել դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Դատարանն էլ պաշտպանին տեղեկացրեց, որ միջնորդությունը ենթակա է քննարկման և լուծման դատաքննության ընթացքում կողմերի կարծիքը լսելուց հետո: Այդ մասին դատարանը գրությամբ պաշտպանին տեղեկացրել էր մինչև այսօրվա դատական նիստը:

Ուստիև պաշտպան Աղաջանյանը միջնորդեց այսօրվա դատական նիստը հետաձգել, որպեսզի իր միջնորդությունը քննության առնվի բոլոր պաշտպանների մասնակցության ժամանակ: Նկատի ունենալով, որ ինչպես Կարապետ Աղաջանյանն, այնպես էլ այլ պաշտպաններն այս ընթացքում գտնվելու են արձակուրդում դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց գրեթե մեկ ամիս անց:

Այս հանգամանքը ամբաստանյալներ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի վրդովմունքն առաջացրեց. Բաբայանը նեղսրտած հայտարարեց՝ «4 ամիս նստած ենք կամերում, դուք դրսում եղածներին ե՞ք հարմարեցնում, բա մեզ երբ պետք է ձեռք տա»:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ կարծիք հայտնեց՝ «ստեղ դատի բան էլ չկա, շուտ հարցրեք պատասխանենք, մեղավոր ենք գնանք նստենք, մի ամի՞ս էլ գնամ նստեմ ընդեղ»:

Ի պատասխան ամբաստանյալի հայտարարության դատարանը նրան հիշեցրեց, որ իր պաշտպանն է միջնորդել նիստը հետաձգել՝ «պաշտպանը ախր հով տեղ է նստած»,-ասաց ամբաստանյալը:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Ըստ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նրանք մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее