Aravot.am-ը գրում է. Ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանի անչափահաս դուստրը հայտնել էր, որ իր քրոջ հեռախոսահամարին է զանգել ծանոթը եւ ասել, որ մայրը գողություն է կատարել: Երբ Սիսիանի իրենց տուն է գնացել` խոհանոցում տեսել է բանջարեղենով լի երեք տոպրակ:
2017 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում Մարիետա Հովհաննիսյանի բնակարանից 10 000 ՀՀ դրամ գումարի գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաքննությունն իրականացրել է քննիչ Ն. Ստեփանյանը: Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեղադրական եզրակացության, նա 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, օգտվելով տուժող ճանաչվածի բացակայությունից, դռան փականը վնասելու եղանակով մտել է տուժողի բնակարան, ննջասենյակի պահարանի վրայի պայուսակից հափշտակել 2 հատ 5000 դրամ՝ «պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»:
Մինչ օրս Հասմիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը 2017 թվականի օգոստոսի 16-ից գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում է: Առաջին ատյանի դատարանում Հասմիկն իրեն մեղավոր է ճանաչել: Նա ասել էր, որ միայնակ, երեք երեխաների հետ վարձով բնակվել է Սիսիանում: Աշխատանք չի ունեցել, ապրուստի միակ միջոցը ընտանեկան նպաստն էր: Տուժողի հետ ծանոթացել էր գողությունից 6 ամիս առաջ, հաճախ գտնվել է նրա տանը: Մի օր էլ նկատել է, թե տուժողը որտեղ է թաքցնում իր գումարը: Զանգել է տուժողին, ճշտել, որ նա տանը չէ, այլ գտնվում է Հացավան գյուղում:
«Տանը ուտելիք չկար, գնացի Մարիետայի բնակարան, վերցրի 2 հատ 5000 թղթադրամները, հեռացա»,-ասել էր Հասմիկը:
Նույն օրն էլ երեխաների համար գնել էր միրգ եւ բանջարեղեն: Սակայն գիշերը՝ ժամը 21:00-ի սահմաններում, նրան հրավիրում են ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ խոստովանում է, որ գողություն կատարողն ինքն է:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


