Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրիում ապրող 26-ամյա Ռոբերտ Կարապետյանը մեկն է այն անձանցից, ով արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և ցանկություն հայտնել մեկնել ժամկետային զինծառայության, ինչից ժամանակին խուսափել են:
Armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու պատճառներին՝ 26-ամյա երիտասարդը նշել է.
«Ժամանակներն այնպիսին էին, որ ջահելները չէին ուզում գնալ, ծառայել: Հիմա էլ դա կա, բայց այն ժամանակ ավելի շատ էին: Ասում էին՝ ո՞ւմ համար, ինչի՞ համար, ո՞ր Հայաստանի համար գնանք ծառայենք կամ զոհվենք, հարուստի տղաներն էլ ջիպերով իրենց կյանքը վայելեն: Այդ ժամանակ էդպես էր կարծրատիպը: Հիմա ժողովրդի միախմբությունը, այս ամեն ինչը շատ ոգեւորիչ է, եւ այն փաստը, որ Փաշինյանը ներկայացրեց ժողովրդին, որ իր տղան ուզում է գնալ ծառայել հայրենիքին: Պլյուս դրան, որ տղան ուզում է գնալ հենց Արցախի Հանրապետություն՝ լինելով պաշտոնյայի տղա, ու այդ ամեն ինչը իմ մեջ արթնացրեց ինչ-որ մի բան, որ ես միանգամից այդտեղ գրեցի»,- ասաց Ռոբերտ Կարապետյանը:

Նա վստահեցրեց, որ վարչապետի կոչին իր արագ արձագանքը չի եղել պահի ազդեցությամբ ու հետո ոչ մի վայրկյան չի ափսոսացել դրա համար. «Չէ, չէ, այդպիսի բան հնարավոր չէ, որովհետեւ իմ մեջ հայրենասիրությունը միշտ եղել է, ես շատ եմ սիրել համազգեստ հագնել, նույնիսկ մեկ տարի ծառայել եմ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում: Ճիշտ է՝ հանգամանքների բերումով կիսատ եմ թողել, բայց շատ զղջում եմ դրա համար»:
Երեկ նա եղել է Երեւանում՝ զինվորական դատախազությունում, որտեղ համապատասխան դիմում է գրել: «Դիմումի մեջ էլ նշել եմ, որ ոչ մի բժիշկ, ոչ մի փող, ոչ մի կոռուպցիա գոյություն չունի: Նշել եմ, թե ինչպես եմ ազատվել, կոնկրետ ինչ հիմքով: Այնտեղ արդեն այդ ուղղությամբ կաշխատեն, գործերը կգնան Գյումրիի քննչական բաժին (ինձ այդպես ասացին), այնտեղ կքննեն, կզննեն, փաստաթղթեր կպատրաստեն, կուղարկեն նոր «կամիսիայի»՝ որոշելու պիտանի՞ եմ ժամկետային զինվորական ծառայության, թե չէ: Բայց ես համարում եմ, որ ես լիարժեք առողջ եմ եւ դա կապացուցեմ»,- ասաց Ռոբերտը:

Նրա զինվորական գրքույկում նշվում է, որ պիտանի չէ ծառայության, հիմնավորումը՝ ինչպես փոխանցեց Ռոբերտ Կարապետյանը, ձեւակերպված է հետեւյալ կերպ՝ ըստ հիվանդությունների ցուցակի առաջին սյունակի երկրորդ «բ» հոդվածի: Խոսքը, ըստ նրա տեղեկությունների, վերաբերում է նեւրոզին: «Ես հարյուր տոկոս վստահ եմ, որ լիարժեք առողջ եմ եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: Ու լավ կլիներ գնայի ծառայեի, վերադառնայի, ի սրտե իմ պարտքը հանձնեի պետությանը»,- հայտարարեց նա:
Ռոբերտ Կարապետյանն այժմ աշխատում է Գյումրիի հացի արտադրամասերից մեկում՝ հացթուխ է: Նա նաեւ մարտարվեստով է զբաղվել, աշակերտներ է ունեցել:

Պատրաստվում է Մոսկվայից Հայաստան ժամանել 18-ամյա Վիրաբ Առաքելյանը: Նա նույնպես լսել է վարչապետի կոչն ու որոշել չխուսափել պարտադիր զինվորական ծառայությունից:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Չեմ ծառայել շինծու հիվանդության պատճառով, ուզում եմ լրացնել այդ բացը. գյումրեցի տղայի արձագանքը՝ Փաշինյանի կոչին


