Արցախյան ու ապրիլյան պատերազմների հետևանքով մոտ 800 անհետ կորած հայորդի կա: Որոշ տեղեկություններով՝ նրանցից շատերը ողջ են:
-Այս պահին 100 տոկոսով տվյալներ ունեմ, որ մեկը ողջ է, Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից է, Ռաֆայել Բալայանն է: Արդեն 50 անց է, անհետ կորել է 1992 թվականից,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արցախյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ, Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը:
Բանախոսի հաղորդմամբ՝ Ռաֆայել Բալայանն ունի աղջիկ և տղա: Աղջիկն ամուսնացած է, Հայաստանում է, որդին Ռուսաստանում է:
Նրա խոսքով Հայաստանում չկան ադրբեջանցի գերիներ.
-Ինչքան գերի եղել է՝ վերադարձրել ենք, նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ: Մենք նրանց պես արնախում չենք: Շատ դեպքերում անգամ բուժել, նոր վերադարձրել ենք ադրբեջանցի գերիներին:
Asekose.am-ի հարցին՝ հնարավոր եղե՞լ է Կարմիր Խաչի միջոցով տեղեկություն ստանալ Ռաֆայել Բալայանի վիճակի մասին, կամ տեսնել նրան, Ռոման Բալայանը պատասխանեց.
-Կարմիր Խաչի կոմիտեն միայն տվյալներ է հաղորդել, որ նա ողջ է: Շատերն են ողջ: ԼՂՀ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Վերա Գրիգորյանը շատ է խնդրել այցելել նրանց, բայց Ադրբեջանի ղեկավարությունը չի համաձայնել, քանի որ բոլորին դեմքով ճանաչելու էր: Նրանք ոչ մի բանի հետ չեն համաձայնում: Վերջերս մի դեպք եղավ: Կարմիր Խաչից եկել էին մի աղջիկ ու տղա, կրկին այդ հարցով, նրանց տիկին Վերան դուրս հանեց՝ ասելով, որ հօգուտ Ադրբեջանի են աշխատում: Գերմանիայից էին: Նրանք անգամ մեզ հետ խոսելիս աչքերներիս մեջ չէին նայում, ասացի՝ նայի՛ր մեզ: Պարզ էր, որ ամեն ինչ սուտ էին ասում:
Ռոման Բալայանն ասաց նաև, որ կստեղծվեն անհետ կորածների փառքի անկյուններ՝ Ստեփանակերտի թանգարանում՝ առայժմ 800-ից 160-ի համար:
Անի Կարապետյան


