Սպիտակի երկրաշարժից անցել է 29 տարի: Փրկարարական ու վերականգնողական աշխատանքների ղեկավարներից մեկը` Վլադիմիր Մարգարյանը, որն այդ տարիներին զբաղեցրել է Հայկական ԽՍՀ Պետշինի փոխնախագահի պաշտոնը, սարսափով է հիշում կատարվածը:
«Երիտասարդ էի ու ինձ համար մարդու մահն անտանելի էր: Սարսափելի բան էր: Մարդիկ, ովքեր կանգնել էին փլատակների մոտ ու սպասում էին իրենց բարեկամներին, ուղղակի անզգայացել էին: Նրանց աչքերում անգամ արցունքն էր ցամաքել: Շշմած կանգնած էին: Տպավորություն էր, որ չէին հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Այն, ինչ տեսավ գյումրեցին, ոչ ոք չի տեսել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վլադիմիր Մարգարյանը՝ հավելելով.
«Մինչև հիմա չենք հասկանում, թե ինչպիսի՞ ուժեր ազդեցին օբյեկտների վրա: Կային բնակելի շենքեր, որոնց ոչինչ չեղավ, և կային շենքեր, որոնք շատ արագ շարքից դուրս եկան: Հին Գյումրին պահպանվեց 80 տոկոսով»:
Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե սա «սարքած» երկրաշարժ էր, Վլադիմիր Մարգարյանը նկատեց.
«Դե այդպես չեմ կարող ասել: Երկրաշարժից հետո ուզում էին աշխարհին ասել, որ այո՛, գտել ենք պատճառն ու ամենուր մեղավորներ էին փնտրում: Ռիժկովը փորձեց Գորբաչովին ասել, որ այստեղ վատ է վիճակը, նա պատասխանեց, թե մի բան արեք, թող մարդիկ հանգստանան: Սյդ ժամանակ կարծեմ Անգլիայում էր, հետո նոր եկավ Հայաստան: Հարցին այլ տեսանկյունից կարող ենք նայել.ինչպիսի՞ ուժ ուներ երկրաշարժը, որտե՞ղ է կենտրոնն ու ինչո՞ւ այսպես ստացվեց: 30 հոգուց բաղկացած խումբ էր եկել արտերկրից: Նրանց թվում կային մարդիկ, ովքեր կասկածում էին, թե երկրաշարժի ուժերն ինչո՞ւ են այդպես առաջացել:
Մենք ցույց տվեցինք փայլուն ամրանն (Երկաթբետոնե կառուցվածքների պողպատյա հիմնակմախքը և մետաղյա այն մասերի ամբողջությունը, որոնք դրվում են կառուցվածքի մեջ ամրության համար) ու հարցրեցինք, թե ինչո՞ւ է այդպես: Շատերը չկարողացան պատասխանել: Ասեմ, որ այն փայլում է, եթե շփումը շատ է լինում: Հիմա չեմ կարող ասել՝ 9 բալից շատ է եղել, թե՝ ոչ, բայց կային շենքեր, որոնք չէին վնասվել: Ասում էին, թե Սպիտակում ռազմաբազա է եղել, պայթեցման արդյունքում երկրաշարժ է եղել: Բայց սրա մասին չեն խոսում, չգտան մեծ քանակի զենք ու զրահ, որի պայթելու արդյունքում նման հզոր երկրաշարժ լիներ»:
Անի Կարապետյան


