Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել սեպտեմբերի 5-ին Երևանի Աճառյան փողոցում 11-ամյա աղջնակի կյանք խլած վթարի մասնակից, «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռան՝ 23-ամյա Արթուր Հակոբյանի և ԱԻՆ աշխատակից 27-ամյա Լևոն Հակոբյանի նկատմամբ:
ԱԻՆ աշխատակից Լևոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Իսկ Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:30-ին, Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:


