▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

102 տարի անց վերադարձվեց խղճի հայելին

Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառի Կամախ քաղաքից, այժմ Գերմանիայում բնակվող ալևի Հասան Դվինը, ով առաջին անգամ 2016 թվականին այցելել է Հայաստան, եղել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, մեկ տարի մտատանջվելուց հետո որոշել է իրենց տանը 1915 թվականից հայտնված և հայերից մնացած իրը վերադարձնել իր ժողովրդին։

«102 տարի անց վերադարձնում եմ այս իրն ու կոչ եմ անում բոլորին՝ այդպես վարվել: Հայերին երբ աքսորում էին, նրանք   իրենց իրերը  բերել-հանձնել են պապիս՝ ասելով.«Եթե հետ վերադարձանք, մեր իրերը կվեցնենք, եթե ոչ՝ թող ձեզ մնա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հասան Դվինը՝ ցույց տալով խնամքով պահված հայելին:

«Հայոց ցեղասպանության մասին մեր հորից ենք լսել: Այսօր Հայաստան եմ բերել նրա ամենասիրելի իրը: Հայրս այն խնամքով էր պահում: Ամեն տարի ինչ-որ յուղով մաքրում էր: Տեսնո՞ւմ եք՝ ձեռքի աշխատանք է: Միշտ իմացել եմ, որ մեր տանը իրեր կան, որոնք հայերին են պատկանում: Հետագայում այդ իրերը բաժանվել են ազգակիցների միջև»,-մանրամասնեց Հասան Դվինը:

Նշենք, որ ուսումն ավարտելուց հետո Հասանը որոշում է Եվրոպա մեկնել ու հայտնում է, որ հոր թաղած իրն իր հետ է  ցանկանում տանել: Այն վերցնում ու տանում  է Գերմանիա: Միշտ ցանկացել է իմանալ, թե այդ իրն ո՞ւմ է պատկանել, սակայն երբեք չի կարողացել տեղեկություն ստանալ:

Եվ, քանի որ չի իմացել նրանց ինքնությունը, որոշել է՝ Հայոց ցեղասպանության թանգարանն այս իրը պահելու լավագույն հասցեն է:

«Գերմանիայում բոլորին պատմում էինք այս իրի մասին: Այն մեզ համար արդեն դարձել էր խղճի հայելի: Կնոջս հետ որոշեցինք այն վերադարձնել հայ ժողովրդին»,-նկատեց Հասան Դվինը:

Հասանի համար մինչ օրս հարցական է եղել հոր խոսքը, որն է՝ «Մենք՝ ալևի ղզլբաշներս, ոչնչով չենք տարբերվում հայերից: Միակ հարցն այն է, որ մենք թլպատվում ենք»: Մեր ընտանիքում, չեմ ժխտում, փնտրտուք կար: Պապս շատ գեղեցիկ տուն ուներ: Հայաստանում, երբ տեսնում եմ նման զարդանախշեր, հիշում եմ, որ պապս նման բաներ էր սարքում, այդպիսին էր նաև հայրս: Նրանք հմուտ արհեստագործներ էին: Միշտ մտածել ենք՝ գուցե մենք էլ ենք հայ: Ցավոք, ոչ մի փաստ չունենք»,-ասաց նա:

Հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ է կրում Դվին ազգանունը.

«Չգիտեմ, թե այն որքանով կապ ունի հայոց Դվին մայրաքաղաքի հետ: Ազգանուն է, կրում ենք, մանրամասներից տեղյակ չենք»,-պատասխանեց Հասան Դվինը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее