Ծառատունկի խորհուրդը հէնց կեանքն է. կեանքի շարունակականութիւնը եւ միասնութիւնը: Ծառատունկի պահն իսկ միասնութիւն է խորհրդանշում եւ Թ. Հ. Թ. 100-ամեակի յանձնախմբի կողմից յայտարարւած համահամայնքային ծառատունկը, երէկ «Սոհանաք» այգում մէկ անգամ եւս համախմբեց մեզ: Մեզանից իւրաքանչիւրին այստեղ էր բերել մի խորհուրդ՝ Հայոց Ցեղասպանութեան յիշողութեան խորհուրդը: Եւ այսուհետ այդ այգու գողտրիկ անկիւնում իր ուրոյն տեղը կունենայ մեր Բիւրաւոր Նահատակների յիշատակը յաւերժացնող ծառուղին:
Ծառատունկին այգում տնկւեց 100-ը խորհրդանշող նոյնքան շիւեր, եւ միջոցառմանը ներկայ Թեհրան նահանգի Բնական պաշարների եւ ջրօգտագործման ընդհանուր վարչութեան տեխնիկական գծով փոխտնօրէն Հաղղանին իր խօսքում բարձր գնահատելով միջոցառման գաղափարը, նշեց որ կարող ենք ծառուղում տեղադրել մի յուշատախտակ, որտեղ կը յիշատակւի, որ այս պուրակը նւիրւած է հայ նահատակների յիշատակին:
Թեհրանի անտառների եւ արօտավայրերի պահպանման վարչութեան «Վալիէ ֆաղիհ»-ի ներկայացուցիչ հոջ. Մոհաբաթ Էսլամ Սալարին եւս բարձր գնահատելով իրողութիւնը՝ խոտացաւ, որ այն կարժանանայ յատուկ ուշադրութեան եւ խնամքի, միառժամանակ յորդորեց, որ յաճախ մենք էլ այցելենք ու խնամենք նորատունկ շիւերը:
Թ. Հ. Թ. 100-ամեակի յանձնախմբի անունից արտայայտւեց յանձնախմբի անդամ Վահիկ Աղաքեանը, որն իր խօսքում ի մասնաւորի՝ շնորհակալութիւն յայտնեց պատկան մարմիններին, որ առիթ են ընծայել 100-րդ տարելիցի առիթով ծառատունկ իրականացւի եւ յոյս յայտնեց, որ այս համագործակցութիւնը շարունակական կը լինի:
Վերջում մեզանից իւրաքանչիւրը իր տնկած ծառի հետ թողեց իր հոգու մի մասնիկը, յուսալով, որ տնկիները շուտով կը դառնան սաղարթախիտ ծառեր ու կը յաւերժացնեն խորախորհուրդ մեզ համար յաւերժի նահատակների յիշողութիւնը:
«ԱԼԻՔ» օրաթերթի լրագրող՝ ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆ
հոդվածը գրված է դասական ուղղագրությամբ