Վաղը՝ փետրվարի 25-ին, լրանում է հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանի 151-ամյակը:
«Նա կարողանում էր ճիշտ կողմնորոշվել, թե թուրքը որտեղից պետք է գա: Իզուր չէ, որ նրա մասին ասել են՝ արծվի տեսողությամբ, առյուծի ուժով, սիրտը ծով, հոգին՝ տիեզերք: Խորհուրդ կտամ կարդալ նրա տողերից մեկը.Երբ կպառկես քնելու՝ գլուխդ բարձին դնելուց առաջ մտածիր քո ժողովրդիև հայրենիքի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց զորավարի թանգարանի տնօրեն Իլյիչ Բեգլարյանը:
Զորավարի ծննդյան հետ կապված՝ վաղը մեծ միջոցառումներ չեն նախատեսվում:
Իսկ, թե ինչու թանգարանը պետական կարգավիճակ ձեռք չի բերում, Իլյիչ Բեգլարյանը պատասխանեց, որ այդ դեպքում ամեն ինչ անցնելու է պետությանը.
«Ոչ ոք չի ասի՝ արի, թող թանգարանը քոնը լինի, պահի, ես քեզ գումար տամ: Դիմում ես՝ ասում են, թե բերեք և հանձնեք: Մասունքները իմ սեփական ձեռքերով եմ բերել»:
Ի դեպ՝ հերոսի թանգարանը բաց է ամեն օր ժամը 12:00-ից, բացի երկուշաբթիից: Մուտքը բոլոր այցելուների համար անվճար է:
Անի Կարապետյան