▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զորական գյուղի դպրոցի տնօրենի, գյուղապետի և այդտեղ գործող իրավապահ համակարգի իրական պատկերը». Նանար Պողոսյան. Թույլ նյարդեր ունեցողներին՝ Չդիտել․․․

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Արցախցի իրավաբան, գրող Նանար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում դաժան տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Շատ ՈՒՇԱԴԻՐ նայել և կարդալ մինչեւ վերջ:
*Սա է Զորական գյուղի դպրոցի տնօրենի, գյուղապետի եւ այդտեղ գործող իրավապահ համակարգի իրական պատկերը։
*Ուրեմն, ովքեր չեն հիշում էջս, որ թերթեք կհիշեք, ս.թ. մայիսի 1-ին օգնություն եմ տանում Նոյեմբերյանի Զորական գյուղ, որտեղ այդ համայնքի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանն իմ օգնության վերաբերյալ փոստը կիսվելու պատճառով, որտեղ, ըստ նրա խոսքերի, հանրությանը տեղեկացնում եմ, որ Զորականում ապրող արցախցի մի ընտանիքի աջակցության քարտերը նրա մոտ է, (շատ ուշադիր` ինքն է դա ասել եւ դա այդպես էր) եւ ըստ որի` սնունդ է առնում, իմ այդ նախադասությունը զայրացրել է Սուրենին եւ նա փորձել է հաշվեհարդար տեսնել այդ գյուղում բնակվող իմ հետեւորդներից մեկի հետ եւ 20 թե 30 հոգով այդ տղային ծեծել են։
Իր գյուղի բնակիչները գյուղապետին պաշտպանելու համար եկել ինչ վիրավորանք ու զրպարտություն ասես չեն գրել իմ փոստի տակ։
Այդ թվում գյուղապետի համադասարանցի դպրոցի տնօրեն Ազարյան Ռուզաննան մանկավարժին ոչ հարիր բառապաշարով սկսեց մեծ-մեծ խոսել` ինձ շփոթելով իր աշակերտների հետ ու չիմանալով թե հետոն ինչ ընթացք կունենա։
Սուրենն, ով ծեծի է ենթարկել իր համագյուղացուն իմ ֆեսբուքյան գրառումով կիսվելու պատճառով, վրան կա քրեական գործ, իսկ ինձ վիրավորած անձանց մասով քաղաքացիական գործեր՝ հանրային կերպով ինձնից ներողություն խնդրելու եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։
Այն ժամանակ՝ ամիսներ առաջ, գյուղապետի խուլիգանության եւ ծեծի մասով բազմիցս դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին, Քննչական կոմիտեին եւ Դատախազություն, որ իմ փոստը կիսվելու պատճառով խուլիգանություն եւ ծեծ է տեղի ունեցել ուսուցչի հանդեպ գյուղապետի կողմից, ինձ ասել են բողոքը պիտի բերվի պատշաճ անձի կողմից այսինքն, նա, ում ծեծել են։ Իսկ էդ տղան, մտածելով, որ դեռ էդ գյուղում պիտի շարունակի ապրել չէր դիմել, մինչեւ որ իր հայրիկին էլ են ինչ-որ հարցերում կպել։ Հետո նոր բողոքել է։
ԱՅԺՄ ավելի ուշադիր
Նույն Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտներ՝ Մխիթար Բաբաջանյանը՝ 9-րդ դասարան, Հայկ Աղաջանյանը՝ 10-րդ դասարան, Հակոբ Գասպարյանը՝ 11-րդ դասարան եւ այլ հասակակից տղերք խոշտանգել, ծեծել եւ նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող՝ Ալեն Ջանվելյանին։
Էն որ ասում ա` ասա ով է ընկերդ ասեմ ով ես դու, հիմա ասա ո՞վ է գյուղապետդ, դպրոցի տնօրենդ (հիմա ժ|պ) ու ծնողդ, ասեմ` ինչ սերունդ եք դաստիարակում։
Այս տղերքը պիտի պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ՝ իրենց ծնողների հետ մեկտեղ։
Հետո էլ ասում են` ինքնասպանություն ու դանակահարություններ է տեղի ունենում։
Ես չեմ հասկանում էդտեղ օրենք, մարզպետ, համայնքապետ ոչ մի կառույց չի՞ գործում, որ սենց բաներ են տեղի ունենում։
ՀՀ քննչական կոմիտե,
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան,
ՀՀ գլխավոր դատախազություն»:

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Տեսանյութ է հրապարակվել, Զորական գյուղի մի խումբ բարձր դասարանցի տղաներ ծեծում, նվաստացնում են իրենց տարեկից մի պատանու: Տեսանկարահանողն էլ դեպքի վայրում է, ըստ երեւույթին` վախեցել է այդ պահին միջամտել, բայց հետո որոշել է հանրայնացնել, որ հաջորդի պատիժը: Ենթադրում եմ, որովհետեւ չգիտեմ, թե ինչպես է հանրայնացվել տեսանյութը, ինչ պայմաններում:
Բոլոր դեպքերում լավ է, որ տեսանյութը հանրայնացվել է, որպեսզի այդ խումբն ստանա իր պատիժը: Բայց պատիժը չպետք է լինի միայն իրավական, այլ նաեւ` բարոյական: Դրանց բոլոր ճանաչողները պետք է պարզապես ամեն օր պախարակեն այդ արարքը:
Իրականում, այդ տեսանյութում նվաստացողը պատանիների այդ ոհմակն է՝ ներողություն այդ արտահայտությանս համար, որը գրոհել է մեկին: Որովհետեւ զազրելի կադրեր են, որ նողկում ես դիտելուց:
Չկա եւ չի կարող լինել ավելի մեծ նվաստացում, քան խմբով մեկի վրա հարձակվելը:
Հայրեր, եթե ունեք արժանապատվություն, ձեր կյանքի կարեւոր գործերից մեկը համարեք ձեր որդիների «արյան մեջ ներարկելը», որ կյանքի ամենանսեմ երեւույթներից մեկը խմբով մեկի վրա հարձակվելն է, խմբով մեկի վրա ինքնահաստատվելը՝ լինի ֆիզիկական, թե բարոյական տարբերակով:
Որքան կարող եմ դիտարկել, ոհմակային այս երեւույթը այսօր բավականին տարածված է: Ընդ որում, հետո հավաքվում են ավելի մեծ խմբով, հիշում ոհմակային անհավասար գրոհի մանրամասներն ու «հպարտանում» իրենց արածով:
Հիմա կասեք՝ բռնությունը անթույլատրելի է անկախ մասնակիցների թվից: Համաձայն եմ: Բայց, կյանքում իրավիճակները լինում են տարբեր, լինում են «հասկանալի» կռիվներ:
Բայց ոչ մի դեպքում, ոչ մի իրավիճակում չի կարող հասկանալի լինել խմբով մեկի վրա հարձակվելը: Այդտեղ կարող է հասկանալի լինել մի բան, որ հարձակվողները անարժանապատիվ ու նսեմ երեւույթ են` վայրենի փաթեթով»:

***

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտներ Մխիթար Բաբաջանյանը՝ 9-րդ դասարան, Հայկ Աղաջանյանը՝ 10-րդ դասարան, Հակոբ Գասպարյանը՝ 11-րդ դասարան եւ այլ հասակակից տղերք խոշտանգել, ծեծել եւ նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող Ալեն Ջանվելյանին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more