Hraparak.am-ը գրում է.
Վերջին օրերի ընթացքում մեկը մյուսի ետեւից լսեցինք զինծառայողների մահվան մի շարք դեպքերի մասին: Առաջին երկու դեպքը գրանցվեց մայիսի 25-ին: Զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Արգամի Եղոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ըստ քննչական կոմիտեի՝ քննություն է տարվում պարզելու մարտական դիրքում ժամկետային զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները: Գրավոր հարցում ուղարկեցինք ՔԿ առ այն, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների շրջանակներում ինչ է պարզվել, ինչ հանգամանքներում է հրազենային վիրավորումով ստացել Վահե Եղոյանը: Ստացանք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Վահե Եղոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է քննություն»:
Տեղեկություններ կան, որ Վահեն սիրած աղջիկ է ունեցել, ով մոտ մեկ ամիս առաջ մահացել է: Երիտասարդը ընկերուհու մահը շատ ծանր է տարել, ինչը նկատել են նաեւ ծառայակից ընկերները: Այս խոսակցություններից գյուղապետը տեղյակ չէր: «Թաղման օրը մեծերից ներկա են եղել, ասել են, որ Վահեն եղել է օրինակելի եւ խիզախ զինվոր, զոհվել է մարտական գործությունեություն ծավալելու ընթացքում: Այո, ասում են, որ ժամը 6-ից հետո ավելի ակտիվ կրակոցներ են եղել: Վերջին անգամ, որ Վահեն զանգել է տուն, տնեցիների հետ խոսացել է, շատ ուրախ է եղել, ծնողներին հարցրել է՝ դռներ առե՞լ եք, փոխե՞լ եք, սիրո՞ւնա դռները, որ գամ տեսնեմ: Ես ինքս վնասվածքները չեմ տեսել, բայց հարազատները ասում էին՝ երկու վնասվածք է ստացել գլխի շրջանում, մեկը՝ մահացու, մյուսը՝ շոշափող է եղել»,-ասաց Նորաբաց համայնքի ղեկավար Գալուստ Գալստյանը: Զրուցեցինք նաեւ Վահե հորեղբոր տղայի՝ Արտուշի հետ, ով ասաց, որ մոտ է եղել Վահեի հետ, սակայն անձնական թեմայով չէր խոսում. «Մոտ 1 տարի է սովորել Երեւանում, ջահել սիրուն տղա էր, ի՞նչ իմանանք»,-ասաց Արտուշը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում