Ջաբրահիլ զորամասի չորսամսյա զինծառայող Արաբո Ապրեսյանն արձակուրդ եկած ժամանակ գնացել է ձկնորսության և արդեն 8 օր է՝ նրա մասին հարազատները որևէ տեղեկություն չունեն:
Ժամկետային զինծառայողի հորաքրոջ տղան՝ Արթուր Մկրտչյանը, Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ Արաբոն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, այնուհետև, չշարունակելով ուսումը, զորակոչվել է բանակ:
«Ինքը Հրազդան քաղաքից է: 10 օրով արձակուրդ էր եկել: Հունիսի 2-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տնից իր թղթերը վերցրել և դուրս է եկել, որից հետո գնացել է ավտոտնակ՝ ձկնորսական կարթ վերցնելու, որպեսզի գետում ձուկ բռնի: Դա առաջին անգամը չէր, որ Արաբոն այնտեղ էր գնում ձկնորսության. դա իր սիրելի զբաղմունքն էր: Մինչ այդ տնեցիքին ասել էր, որ իր հետ զորամաս ձկնորսական կարթ պետք է տանի, որ ձուկ բռնի»,-ասաց Արթուրը:
Վերջինս նաև հայտնեց, որ Արաբոն իր հետ վերցրել է զինվորական համազգեստ, տաք հագուստ, սակայն զինվորական գրքույկն ու անձնագիրը թողել է տանը:
«Ծառայությունից որևէ դժգոհություն չի ունեցել: Ոչ խմող է եղել, ոչ խաղադրույքներով կամ թղթախաղով է զբաղվել, որ պարտված լիներ, ոչ մի արտառոց բան չի եղել, որ դրանից փախներ: Կրթված ընտանիքից է, ընտանիքում էլ որևէ անախորժություն չի եղել: Ինքը բնություն էր շատ սիրում: Ենթադրում էինք, որ Լոռու ձորում կլինի, բայց այնտեղ էլ իրականացրած որոնողական միջոցառումները որևէ արդյուքն չտվեցին: Մտածում ենք, որ միգուցե հոգեկան խնդիր է ունեցել մինչ ծառայության գնալը, որի մասին մենք չենք իմացել, չգիտեմ: Մինչ օրս չենք կողմոնորշվում, թե ինչը կարող է այս ամենի պատճառը լինել»,- ասաց Արթուրը և հավելեց, որ գործով արդեն զբաղվում է Ռազմական ոստիկանությունը: