«Հրանտ Դինք» հիմնադրամի «Հաղթահարենք սահմանները» ծրագրի շրջանակներում Ստամբուլից Երևան է ժամանել ազգությամբ թուրք գրող-հրապարակախոս-հրատարակիչ, բազմիցս ձերբակալված, նախկին քաղբանտարկյալ Զեյնել Աբիդին Քըգըլյափրաքը:
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: 5 օր է՝ Երևանում եմ, այսքան գեղեցիկ քաղաք չէի տեսել: Երբ գալիս էի Ստամբուլից՝ մեկը զգուշացրեց, թե այնտեղ թուրքերեն խոսես՝ խնդիր կունենաս: Ինձ հետ ոչինչ էլ չպատահեց, ես այստեղի մարդկանց շատ սիրեցի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրք գրողը:
Նա անդրադարձավ նաև Թուրքիայում տիրող իրավիճակին.
«2016 թ. հուլիսի 15–ին տեղի ունեցավ բավականին լավ բեմականացված «ռազմական հեղաշրջում», ինչին հետևեց երկրում բռնատիրական կարգերի հաստատում, որն ամրագրվեց ապրիլյան հանրաքվեի «կեղծված» արդյունքներով։ Մինչ օրս ցանկացած պաշտոնյայի հեռացնում են աշխատանքից: 71.000 մարդ դեռևս բանտում է: Փակվեցին 2800 կազմակերպություններ՝ արհմիություններ, ԶԼՄ և այլն, որոնցից կարողացան վերաբացել 255-ը: 121 լրագրող, 13 քուրդ պատգամավոր, 60 քուրդ քաղաքապետ էլ բանտերում են: Մոտ 250 քաղաքապետի ազատել են աշխատանքից: Բայց հավատացե՛ք, Թուրքիայում կա երիտասարդության մի հատված, որ երկրի ժողովրդայնացման համար պայքար է մղում»,-հայտնեց նա:
Հարցին՝ չի՞ վախենում, որ իրեն էլ կձերբակալեն՝ պատասխանեց. «Ես Գերմանիայում եմ շատ լինում, երևի չեն ցանկանում աղմուկ բարձրացնել եվրոպական երկրներում, բայց ձերբակալվելու վախը միշտ կա: Թուրք լրագրողներից մեկը լավ խոսք ուներ՝ երբևէ «վիզ մի՛ ծռեք» անարդարության առջև, ես այդպես էլ արել եմ: Միշտ հպարտ եմ եղել, իհարկե տուժել եմ, բայց շարունակելու եմ նույն կերպ»: Նշենք, որ Զեյնել Աբիդին Քըգըլյափրաքի մայրը Դերսիմի հայ է: Ինքը ծնվել, մեծացել է Դերսիմում:
Անի Կարապետյան